Ի՞նչ կլինի Հայաստանի տնտեսության հետ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում․ Ագնեսա Խամոյան

14 Սեպտեմբերի 2026, 17:39

Քաղաքականություն

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը խորհրդարանի նիստում դիմել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանին, որը ներկայացնում էր ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև առևտրի համաձայնագիրը։ Նա մտահոգություն է հայտնել իշխանությունների կողմից ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու վերաբերյալ հնչող հայտարարությունների կապակցությամբ և պահանջել ազգային տնտեսության համար առկա ռիսկերի մասնագիտական գնահատական։

«Անկեղծ ասած՝ իրավիճակը մի փոքր սյուրռեալիստական է, քանի որ Հայաստանը, պատկերավոր ասած, ԵԱՏՄ-ից դուրս գալուն հինգ է պակաս։ Քաղաքական մակարդակում հնչում են հայտարարություններ, որոնց համաձայն՝ արտահանման հետ կապված տնտեսական վնասը ներկայացվում է ոչ թե Հայաստանի, այլ ԵԱՏՄ-ի խնդիրը։
Այդուհանդերձ, ի՞նչն է պայմանավորում այս համաձայնագրի անհրաժեշտությունը, և ԵԱՏՄ անդամ քանի՞ երկիր է այն արդեն վավերացրել»,– ասել է պատգամավորը։

Խամոյանն ընդգծել է, որ ոլորտը համակարգող գերատեսչությունը պետք է ներկայացնի հստակ և մասնագիտական գնահատական։

«Կարո՞ղ եք, վերջապես, որպես էկոնոմիկայի նախարարի տեղակալ, ներկայացնել ԵԱՏՄ-ի վերաբերյալ ձեր դիրքորոշումը։ Քաղաքական բոլոր հայտարարություններին մենք ծանոթ ենք, ձեր անմիջական ղեկավարը ևս բավականին քաղաքականացված գործիչ է։ Սակայն զուտ տնտեսական հաշվարկների տեսանկյունից կցանկանայինք հասկանալ՝ ի՞նչ տեղի կունենա Հայաստանի տնտեսության հետ, եթե պայմանականորեն պատկերացնենք ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կամ բացառումը։ Ունե՞նք արդյոք ԵԱՏՄ-ին այլընտրանք։ Կարո՞ղ է արդյոք եվրոպական շուկան նման այլընտրանք դառնալ»,– եզրափակել է նա։