Իրանը բանակցությունների է գնում ուժեղ դիրքերից և փորձում է թելադրել իր պայմանները․ Եվդոկիա Դոբրևա
20 Ապրիլի 2026, 21:30
ՌԴ ԳԱԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Մերձավոր Արևելքի հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Եվդոկիա Դոբրևան Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններին։
Փորձագետի խոսքով՝ ներկայումս ձևականորեն հայտարարված է հրադադար, սակայն ԱՄՆ-ը ռազմածովային շրջափակում է սահմանել։
«Այս պահին ձևականորեն գործում է հրադադարի ռեժիմ։ Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգները որոշել են ռազմածովային շրջափակում սահմանել իրանական նավերի նկատմամբ, որը լիարժեք արդյունավետ չի գործում, բայց, օրինակ, երեկ նրանք գնդակոծել և կալանել են մեկ իրանական նավ։ Միջազգային իրավունքի տեսանկյունից օտար նավի վրա հարձակումը համարվում է casus belli, այսինքն՝ փաստացի պատերազմի հայտարարում։ Այդ պատճառով Թեհրանում այս դրվագը դիտարկում են որպես հրադադարի խախտում։ Հետևաբար, նրանք պատրաստ չեն մասնակցել բանակցություններին նման թունավոր և ագրեսիվ մթնոլորտում։
Միևնույն ժամանակ, Իրանն ընդհանուր առմամբ գտնվում է ուժեղ բանակցային դիրքում, քանի որ պատերազմի ժամանակ ցույց տվեց, որ իր հրթիռային ծրագիրը գործում է և կարող է հասնել Իսրայել։ Ընդհանուր առմամբ, նրանք բանակցությունների են գնում ուժեղ դիրքերից և փորձում են թելադրել իրենց պայմանները»,- նշել է Դոբրևան։