Իրանը կարող է շուտով հայտարարել, որ միջուկային զենք ունի. Հայալ Մուազին

Իրանցի լրագրող Հայալ Մուազինն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Իսրայելի ռազմական գործողության ֆոնին Թեհրանում ստեղծված իրավիճակը։

Փորձագետի խոսքով՝ Իրանում ամեն ինչ՝ հակաօդային պաշտպանությունը, բանակը, հատուկ ծառայություններն աշխատում են պրոֆեսիոնալ մակարդակով։

«Թեհրանում իրավիճակը հիմա շատ հանգիստ է, մարդիկ ապրում են իրենց կյանքով, ամեն ինչ ընթանում է իր հունով. խանութները, ռեստորանները, պետական կառույցներն աշխատում են սովորական ռեժիմով, մարդիկ երեկոյան դուրս են գալիս փողոց, աջակցում են իշխանությանը և զինված ուժերին:

Շուտով Իրանը կարող է հայտարարել, որ միջուկային զենք ունի։ Ինչ վերաբերում է պատերազմական իրավիճակին, ապա ՀՕՊ-ը, բանակը, հատուկ ծառայությունները, ամեն ինչ աշխատում է պրոֆեսիոնալ մակարդակով»,- ասել է Մուազինը։

Փորձագետի կարծիքով՝ Նեթանյահուին պետք էր շեղել ժողովրդի ուշադրությունը, և այդ պատճառով նա գնաց այս խելահեղ քայլին՝ Իրանի դեմ գործողությանը։

«Մենք տեսնում ենք, որ Իսրայելի ներքին ճգնաժամն օրեցօր աճում է, և Նեթանյահուի հետագա կարիերան աղետալի մակարդակի վրա է: Նա չկարողացավ շարունակել ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմը, չկարողացավ ազատել պատանդներին, և իր քաղաքական կարիերան փրկելու համար պետք է շեղի ժողովրդին: Հենց այդ պատճառով նա գնաց այս խելահեղ քայլին:

Իհարկե, սա նրա համար աղետալի կլինի։ Մենք տեսնում ենք՝ ինչ վիճակում է այսօր Թել Ավիվը, ժողովուրդը փախչում է, նույնիսկ նրանց պաշտոնական լրատվամիջոցներն են գրում, որ հրաման է արձակվել թույլ չտալ իսրայելցիներին թռչել երկրից, նրանք վախենում են, որ իսրայելցիների մեծ մասը կլքի տարածաշրջանը»,-նշել է Մուազինը։

Ըստ փորձագետի՝ Արևմուտքի հայտարարություններն այս հակամարտության վերաբերյալ կեղծավոր են, քանի որ նրանք նույնպես մեղսակից են Իրանի վրա հարձակմանը։

«Իրանի ժողովուրդը ռազմատենչ ժողովուրդ է, քանի որ մենք ավելի քան յոթ տարի կռվել ենք Սադամ Հուսեյնի ռեժիմի դեմ: Այն, ինչ հիմա տեղի է ունենում, անհամեմատելի է այն ժամանակվա հետ, քանի որ այժմ Իրանն արդեն ունի շատ հզոր ռազմական տեխնիկա, Իրանը հիմա շատ ուժեղ պետություն է: Իրանում մարդիկ ուրախ են, նրանք աջակցում են այս գործողությանը և ցանկանում են, որ այն ավարտին հասցվի:

ԻՀՊԿ-ն այսօր պաշտոնական հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ կշարունակեն այս գործողությունը մինչև վերջ՝ մինչև «սիոնիստական ռեժիմի» անհետացումը։ Մեր պատերազմը հրեա ժողովրդի դեմ չէ, մեր պատերազմը սիոնիզմի դեմ է։ Եթե այսպես շարունակվի, կարծում եմ, որ «սիոնիստական ռեժիմը» 2-3 շաբաթից կհանձնվի։ Այն երկար չի դիմանա։

Ֆրանսիան, Բրիտանիան և Թրամփը պաշտոնապես հայտարարում են, որ դեմ են Իրանի միջուկային օբյեկտները ռմբակոծելուն, ինչը կեղծավոր քաղաքականություն է։ Նրանք հանցակիցներ են, ամեն ինչի շուրջ պայմանավորվել են կուլիսներում։ Նրանք նպատակ ունեն ստեղծել համատեղ դաշինք և հարձակվել Իրանի վրա, սակայն այս խելահեղ քայլը նրանց համար շատ թանկ կարժենա, և այս պատերազմը չի ավարտվի «սիոնիստական ռեժիմով», ողջ տարածաշրջանը վտանգի տակ է։

Թրամփը բանակցել է Իրանի հետ և միաժամանակ զինել «սիոնիստական ռեժիմի» ուժերին։ Նեթանյահուն ցանկանում է փրկել իր քաղաքական կարիերան, նա փորձում է ԱՄՆ-ին ներքաշել այս հակամարտության մեջ։ Եթե նրանք բանակցություններ են ուզում, ապա մենք ամբողջ աշխարհին ցույց ենք տվել, որ մենք դրա կողմնակիցն ենք, բայց եթե պատերազմ են ուզում, մենք նույնպես պատրաստ ենք պատերազմի։

Մեզ չեն վախեցնի ո՛չ դիվանագիտական սպառնալիքներով, ո՛չ պատերազմով։ Իրանցի ժողովուրդը ռազմատենչ ժողովուրդ է և ըստ անհրաժեշտության կպատասխանի»,- ընդգծել է Մուազինը։

Անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»՝ փորձագետը նշել է, որ Իրանը միշտ ասել է, որ դեմ չէ այս միջանցքին, բայց պայմանով, որ հաշվի առնվեն Իրանի և Հայաստանի շահերը։

«Մենք թույլ չենք տա, որ քաղաքական քարտեզը փոխվի: Եվ այս հարցի ապագան կախված է Իրանի հաղթանակից: Եթե Իրանը հաղթի այս հակամարտությունում, շատ չլուծված հարցեր կլուծվեն: Ուստի մենք պետք է ցանկանանք, որ Իրանը հաղթող դուրս գա այս հակամարտությունից»,-եզրափակել է Մուազինը: