Իշխանություններն ամենաշատ մտահոգությունն ունեն «Մայր Հայաստան»-ից․ Անդրանիկ Թևանյան

05 Փետրվարի 2024, 23:07

Բոլոր

«Հանրային ձայն»-ն ու իշխանություններն առևտրային պրոցեսների մեջ են։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը․

««Հանրային ձայն»-ն օգնել է Ավինյանին քաղաքապետ դառնալ ու օգնել է կարմիր կետագծերը, տուրքերն ու վճարները թանկացնել։ Այս առումով՝ «Հանրային ձայն»-ին համարում ենք երևանյան իշխանությունների ոչ ֆորմալ կոալիցիոն գործընկերը, իսկ ավելի ճիշտ՝ հաճախորդը, որի հետ իրենք բացահայտ առևտրային պրոցեսների մեջ են։ Ակնհայտ է, որ կուլիսային առևտուրը բավականին թանկ է նստում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վրա ու իրենք որոշել են ոչ թե «Հանրային ձայն»-ի առաջին դեմքի հետ բանակցել ու պայմանավորվել, այլ, այսպես ասած, անասնագողությամբ զբաղվել»,- ասել է Թևանյանը։

Ըստ նրա՝ իշխանությունները «Հանրային ձայն»-ի անդամների հետ են փորձում աշխատել։

«Անասնագողության իմաստն այն է , որ առանձին անդամների հետ են փորձում աշխատել, դա ավելի էժան է նստում իշխանությունների վրա։ Իրենք քվորում ապահովելու խնդիր ունեն, իսկ ինչ վերաբերում է «Մայր Հայաստան»-ի դեմ հարձակումներին, ապա դա ինչպես հանրապետական, այնպես էլ տեղական նշանակություն ունի։ Օրեր առաջ, երբ ասուլիս էի տալիս, նշեցի, որ գիտենք՝ իրենք ուզում են տրանսպորտի գինը թանկացնել, դրա համար ուզում են ավագանու վրա մահակ բանեցնել, ու այսօր տարածվեց այդ որոշումը, ըստ որի՝ ուզում են մինչև 260 դրամ թանկացնել տրանսպորտը»,- ասել է Անդրանիկ Թևանյանը։

Նրա խոսքով՝ իշխանություններն ամենաշատը մտահոգվում են հենց «Մայր Հայաստան»-ից։

«Քաղաքացին տուգանքի ու թալանի մատերյալ չէ․ սրա շրջանակներում՝ իրենք ուզում են թանկացնել տրանսպորտը և, բնականաբար, պետք է հարձակվեն ընդդիմադիր խմբակցությունների վրա։ Մեր խմբացությունից 4 հոգու, «Ազգային առաջընթաց»-ից 1 հոգու վրա են հարձակվել։

Եթե սրան գումարենք ահաբեկչական գործողությունները, հետապնդումները, որ եղել են մեր խմբակցության տարբեր անդամների նկատմամբ, պարզ կդառնա, որ այս իշխանություններն ամենաշատ մտահոգությունն ունեն «Մայր Հայաստան»-ից ու այդ հարձակումներն էլ մեր դեմ են։ Բայց իրենց մոտ որևէ բան չի ստացվելու, որովհետև մեր քաղաքականությունը չի փոխվելու»,- եզրափակել է Անդրանիկ Թևանյանը։