Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը բոլորի համար անակնկալ էր. Կիրակոսյան
30 Հունիսի 2026, 20:00
Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը բոլորի համար անակնկալ էր։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում նշել է Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ Բեդիկ Կիրակոսյանը:
«Բոլորիս համար անակնկալ էր, չէինք սպասում, որ մի օր Իսրայելը կընդունի Հայոց ցեղասպանությունը։ Ազնիվ լինենք՝ դա մեր հանդեպ սիրուց չէ, այլ պայմանավորված է Թուրքիայի և Իսրայելի միջև առկա լարվածությամբ։ Այս կերպ Նեթանյահուն պատասխանում է Էրդողանին»,- ասել է նա՝ հավելելով, որ անկախ դրդապատճառներից, Իսրայելի քայլը գնահատելի է։
Կիրակոսյանը չի կարծում, թե Իսրայելում այս հարցը խնդիրների կհանգեցնի, քանի որ նախկինում Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությամբ հիմնականում հանդես էր գալիս ընդդիմությունը, մինչդեռ այս անգամ իրավիճակը հակառակն է։
«Հուսանք, որ շատ արագ կընդունեն»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Իսրայելի կառավարությունը միաձայն հաստատել է արտգործնախարար Գիդեոն Սաարի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առաջարկը: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին:
Նշենք, որ կառավարության հավանությանն արժանանալուց հետո նախագիծը պետք է ուղարկվի խորհրդարան՝ Քնեսեթ: