Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանի միջուկային կենտրոնին
17 Հունիսի 2025, 13:55

Հունիսի 17-ի գիշերը Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրումը հանգեցրել է լայնածավալ ավիահարվածների և երկու կողմերի հրթիռակոծությունների: Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Նաթանզում գտնվող միջուկային կենտրոնին, որն ուրանի հարստացման առանցքային կետն է: Աղբյուրները հայտնում են զգալի ավերածությունների մասին, սակայն Իրանի կողմից վնասների պաշտոնական հաստատումը դեռևս բացակայում է:
Իրանն ավելի քան 200 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Դրանց մի մասը հասել է ռազմական օբյեկտներ և բնակելի շրջաններ՝ չնայած իսրայելական հակահրթիռային պաշտպանության համակարգերի ակտիվ հակազդեցությանը։ Իսրայելում հարվածների հետևանքով 4 մարդ Է զոհվել, ավելի քան 70-ը՝ վիրավորվել: Իրանում հաղորդվում է 78 զոհի մասին, սակայն այդ թվերը կարող են ավելանալ, քանի որ տեղեկատվությունը ճշտվում է:
Իսրայելի իշխանություններն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները և հայտարարել բարձր պատրաստվածության ռեժիմ՝ սպասելով Իրանի կողմից նոր հարձակումների: «Երկաթե գմբեթ» համակարգերը և ՀՕՊ այլ համալիրներ շարունակում են հետ մղել հարվածները։ Իսրայելում տուժել են բնակելի տներ, էլեկտրակայան և նավթավերամշակման գործարան։ Իրանում հարվածի տակ է հայտնվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբը, ինչը կարող է հանգեցնել հետագա պատասխան հարվածի:
ԱՄՆ-ն Իսրայելի պաշտպանության համար գործարկել է Patriot և THAAD համակարգերը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է պատրաստում իրադրության վերաբերյալ, իսկ ՄԱԳԱՏԷ-ն մտահոգություն է հայտնել միջուկային օբյեկտների վրա հարձակման կապակցությամբ: Միջազգային հանրությունը կողմերին դիվանագիտական կարգավորման կոչ է անում, սակայն դեէսկալացիայի հավանականությունն առայժմ ցածր է։