Իսրայելն ուրախ կլինի, եթե Իրանի ներկայիս ռեժիմը տապալվի. Ալեքսանդր Ցինկեր
16 Հունիսի 2025, 21:30
Եվրասիական հետազոտությունների միջազգային կենտրոնի (ICES) ղեկավար Ալեքսանդր Ցինկերը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչպես է Իսրայելը բացատրում Իրանի դեմ ռազմական գործողությունը և արդյոք այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում, կարող է Ադրբեջանին դրդել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցն ուժով լուծել:
Փորձագետի կարծիքով՝ քանի որ Իրանը չի թաքցնում Իսրայելը ոչնչացնելու իր ցանկությունը, Իսրայելի իշխանությունները հասկացան, որ պետք է սկսել պայքարել դրա դեմ։
«Նախ, Իրանն այն սակավաթիվ պետություններից է, որը պաշտոնապես, առանց թաքցնելու, խոսում է «սիոնիստական կազմավորման» ոչնչացման մասին։ Երկրորդ հերթին, Իրանը Եմենում ստեղծել է պրոքսի-ուժեր, որոնք պատերազմ են մղում Իսրայելի դեմ, հիմնականում՝ խաղաղ բնակչության դեմ, և, երրորդ, վերջերս հրապարակվեց ԱԷՄԳ-ի վերջին ամփոփագիրը, որից հետո տեղի ունեցավ ԱԷՄԳ ղեկավարության անդամների քվեարկությունը, որտեղ ձայների մեծամասնությունն ընդունեց, որ ևս մեկ-երկու ամիս, և Իրանը միջուկային զենք կունենա։ Եվ քանի որ Իրանը չի թաքցնում Իսրայելը ոչնչացնելու իր ցանկությունը, մենք հասկացանք, որ պետք է սկսել պայքարել նրա դեմ»,-ասել է Ցինկերը:
Ըստ փորձագետի՝ Իսրայելը կարող է դիմանալ այնքան ժամանակ, որքան ցանկանում է, առանց այս հակամարտությանն ԱՄՆ-ի անմիջական մասնակցության:
«Ամերիկան պետք է ոչ թե նրա համար, որ Իսրայելը դիմակայի, այլ, պարզապես, Իրանն ունի ստորգետնյա լաբորատորիաներ և զենքի պահեստներ, որոնք տեղակայված են լեռնային տեղանքում, և դրա համար անհրաժեշտ է ծանր տեխնիկա, ծանր հրթիռներ և ռումբեր: Եվ այդ դեպքում ԱՄՆ-ը մեզ կօգներ, որպեսզի այս գործողությունն ավելի արագ ավարտվեր, քան դա կաներ Իսրայելը»,- նշել է Ցինկերը:
Քաղաքագետի կարծիքով՝ Իսրայելը ուրախ կլինի տեսնել Իրանի ներկայիս ռեժիմի տապալումը։
«Իսրայելի կողմից իրականացվող օպերացիան հստակ ցույց է տալիս, որ մենք պետք է հասնենք նրան, որ Իրանը չկարողանա մեր երկրի անվտանգությանը սպառնալ միջուկային զենքով: Մեր նպատակն իշխանափոխությունն է: Մենք ուրախ կլինենք, եթե Իրանի այս ռեժիմը տապալվի: Եվ այդ դեպքում կվերադառնանք Իրանի ժողովրդի հետ այն լավ հարաբերություններին, որոնք ունեինք մինչև այաթոլլահի հեղափոխությունը (այաթոլլահ Հոմեյնի՝ 1979 թ. Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդը): Չեմ կարծում, որ կգան ինչ-որ մարդիկ, որոնք անմիջապես գրկաբաց կճանաչեն Իսրայելը։ Բայց եթե նորմալ մարդիկ գան, ապա, միգուցե, հնարավոր կլինի փոխել այս դոկտրինն այնպես, որ Իրանը հրաժարվի, ինչպես իրենք են ասում, ոչ թե Իսրայելի, այլ «սիոնիստական կազմավորման» ոչնչացման դոկտրինից: Եվ այդ ժամանակ հնարավոր կլինի վերադառնալ այն նորմալ հարաբերություններին, որոնք կային նախկինում»,-ասել է Ցինկերը:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք Ադրբեջանը կարող է հարձակվել Հայաստանի վրա՝ օգտագործելով Իրանին հարվածելու գործոնը, փորձագետը նշել է, որ այսօր Բաքուն այդ քայլին չի գնա:
«Չեմ կարծում, որ այժմ այն դեպքն է, որից Ադրբեջանը կփորձի օգտվել, քանի որ ամեն ինչ այնքան լարված է, որ Ադրբեջանը նույնպես կարող է հայտնվել նույն Իրանի հարձակման տակ: Հետևաբար, կարծում եմ, որ Բաքուն այս քայլին չի գնա: Բայց եթե Հայաստանում մտածում են, որ Իրանը կպայքարի Հայաստանի համար, ապա խորապես սխալվում են, դա տեղի չի ունենա»,-եզրափակել է Ցինկերը: