Կանադայի ժողովուրդն արդեն հոգնել էր Թրյուդոյից. Շահեն Միրաքյան

12 Մարտի 2025, 12:53

Քաղաքականություն

Նախօրեին հայտնի դարձավ, որ Կանադայի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Մարկ Քարնին ընտրվել է իշխող Լիբերալ կուսակցության ղեկավար։ Նա կդառնա երկրի նոր վարչապետը։ Ջասթին Թրյուդոն, որը Կանադայի վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր 2015 թվականից, հունվարի սկզբին հայտարարել էր պաշտոնից հեռանալու իր որոշման մասին։

Մարկ Քարնին վարչապետի պաշտոնը կստանձնի այն բանից հետո, երբ Թրյուդոն իր հրաժարականը ներկայացնի Կանադայի գլխավոր նահանգապետին:

Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է Կանադայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Շահեն Միրաքյանի հետ:

«Այս պահին չեմ կարող ասել, թե որն է Ջասթին Թրյուդոյի ու Մարկ Քարնիի տարբերությունը: Նա մեկ օր է, ինչ ընտրվել է: Նա նոր մարդ է, բնականաբար, նոր փոփոխություններ են սպասվում երկրում: Կանադայի ժողովուրդը համաձայն էր նրա քաղաքականությանը, իսկ Թրյուդոյից հոգնել էր, որ արդեն 10 տարի վարչապետ էր: Ժողովուրդը նորություն էր փնտրում»,- ասել է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ նույնիսկ Ջասթին Թրյուդոյի կուսակիցներն էին ասում, որ եկել է հրաժարական տալու ժամանակը:

«Թրյուդոն մի փոքր ավելի ձախակողմյան էր: Լիբերալ կուսակցությունը միշտ նախընտրում է մեջտեղում մնալ՝ ոչ ձախ, ոչ աջ գնալ: Թրյուդոն գնաց դեպի ձախ, որ կրկին ընտրվի վարչապետ: Նույնիսկ Թրյուդոյի կուսակցության անդամներն էին ասում, որ Թրյուդոն պիտի հրաժարական տա»,- հավելել է Շահեն Միրաքյանը:

Նա նաև անդրադարձել է Թրամփի այն հայտարարությանը, թե Կանադան պիտի դառնա ԱՄՆ նահանգներից մեկը:

Այս և այլ թեմաների մասին մանրամասները՝ տեսանյութում: