Կիրանցի կեսը հայտնվելու է Ադրբեջանի տարածքում, գյուղում մարդ չի մնալու․ կիրանցի Մհեր Սիմոնյան

22 Ապրիլի 2024, 22:28

Կարծիք

Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ Կիրանց և Ոսկեպար գյուղերի հատվածում, շարունակում է փակ մնալ: Կիրանց համայնքի բնակիչ Մհեր Սիմոնյանը Alpha News-ի հետ զրույցում ասաց, որ իրենց գյուղ դեռ սակրավորներ չեն եկել:

«Բայց սպասվում է, որ շուտով մեզ մոտ էլ կգան»,- ասաց Մհեր Սիմոնյանը, որն այս պահին տեղի բնակիչների հետ փակ է պահում Կիրանցից Ոսկեպար գնացող ճանապարհը:

Նրա խոսքով՝ եթե Կիրանցին հարակից Խեյրիմլի գյուղն անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ, ապա ոչ միայն Իջևանից Կիրանց մտնող կամուրջ ճանապարհն է անցնելու Ադրբեջանին, այլև Կիրանց գյուղից 4 տուն, որից մեկն էլ հենց իր տունն է:

«Մեզ առաջարկվում է այլընտրանքային ճանապարհ, որին մենք դեմ ենք, դա մեզ օգուտ չի, որովհետև մեր գյուղի կեսը հայտնվելու է Ադրբեջանի տարածքում: Էդ գյուղում մարդ չի մնալու, մենք որոշել ենք, եթե նման բան լինի, մեր տները վառենք ու գյուղից դուրս գանք»,- ասաց Կիրանցի բնակիչը:

Նա նաև նշեց, որ բնակիչները շարունակելու են փակ պահել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ Կիրանց և Ոսկեպար գյուղերի հատվածում:

«Վարչապետը թող նստի իր տեղն ու մեր պապական հողերը չտա ադրբեջանցիներին, մենք ուրիշ բան չենք ուզում, մենք հեղաշրջում չենք անում, մենք խնդրում ենք, որ մեզ հանգիստ թողնի»,- հավելեց նա: