Կրակոցի ձայնն այնքան ուժեղ է եղել, որ Բերդ քաղաքում ևս լսվել է. Ոսկան Սարգսյան
13 Մայիսի 2025, 21:30
Լրագրող Ոսկան Սարգսյանն այսօր գրել էր, որ Մովսես գյուղի բնակիչներն ընդհատումներով կրակահերթեր են լսել: Alpha News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է լրագրողի հետ՝ խնդրելով մանրամասներ հայտնել:
«Մայիսի 12-ի լույս 13-ի գիշերը Բերդ համայնքի սահմանամերձ Մովսես գյուղի բնակիչներն ընդհատումներով կրակահերթեր են լսել: Դրանք լսվել են նաև այսօր առավոտյան 07:20-ից 07:40 ընկած ժամանակահատվածում: Կրակոցի ձայնն այնքան ուժեղ է եղել, որ Բերդ քաղաքում ևս լսվել է՝ չնայած նրան, որ Մովսես գյուղը Բերդից 16 կմ հեռու է: Բնակիչները չգիտեն՝ կրակոցները որ ուղղությամբ են եղել»,- նշել է լրագրողը:
Վերջինիս խոսքով՝ Ադրբեջանն այս տարբերակով հոգեբանական ճնշման է ենթարկում ՀՀ-ին՝ նոր զիջումների հասնելու համար:
«Բնակիչների համար կրակոցները սովորական բնույթ են կրում: Հատկապես վերջին մեկ ամսում գիշերներն անընդհատ ձայները լսելի են: Մարդիկ խուճապի չեն մատնվում, քանի որ ավելի վատ բաներ էլ են տեսել, ավելի ուժեղ կրակոցներ են լսել, բայց ամեն դեպքում դրանք անհանգստացնող են: Կարծում եմ՝ այս տարբերակով Ադրբեջանը հոգեբանական ճնշման է ենթարկում՝ նոր զիջումների հասնելու համար»,- եզրափակել է Սարգսյանը: