Լավրովն ուզում էր հասկացնել, որ Հայաստանի հետ հարաբերությունները խիստ վատթարացած են. Վլադիմիր Բրուտեր

12 Հոկտեմբերի 2023, 21:15

Կարծիք | Քաղաքականություն

Հումանիտար-քաղաքական հետազոտությունների միջազգային ինստիտուտի փորձագետ Վլադիմիր Բրուտերը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած դիրքորոշումը արտաքին քաղաքականության ուղենիշների անփոփոխության վերաբերյալ կգերիշխի՝ չնայած Հայաստանի միջոցով իր շահերը առաջ մղելու Արևմուտքի փորձերին:

«Լավրովն ուզում էր փոխանցել, որ Հայաստանի հետ հարաբերությունները շատ վատթարացած են։ Նա հույս ունի, որ այդ գործընթացն ինչ-որ տեղ կանգ կառնի, այդ գործընթացն արձանագրվում է, և եթե այն շարունակվի, դա ինչ-որ լրացուցիչ հետևանքների կհանգեցնի երկկողմ հարաբերություններում։

Ակնկալում ենք, որ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ նա չի պատրաստվում փոխել արտաքին քաղաքական կողմնորոշումը, համապատասխանում են իրականությանը։ Եթե դա համապատասխանում է իրականությանը, ուրեմն, նորմալ երկկողմ հարաբերություններ գոյություն կունենան, որքանով դա այժմ համապատասխանում է հետղարաբաղյան ժամանակաշրջանին։ Իսկ եթե հակառուսական օրակարգը Հայաստանում շարունակվի, ապա այն կհանգեցնի երկկողմ հարաբերությունների անխուսափելի վատթարացմանը։

Բնական է, որ դժվար է կանգնեցնել գործընթացը։ Հարցն այն է, որ Հայաստանն ունի ղեկավարություն, նա պատասխանատու է իր երկրի համար և նա որոշումներ է կայացնում։ Ուստի, իմ կարծիքով, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ է ուզում և ինչ չի ուզում Փաշինյանը։ Եվ եթե իրավիճակը շարունակվի, ապա դա կհանգեցնի հարաբերությունների պարտադիր վատթարացման՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Իսկ եթե դա չշարունակվի, ապա Ռուսաստանը Հայաստանի դեմ ոչինչ, բնականաբար, չունի», — ասել է Բրուտերը։