Լավրովը մայիսի 20-21-ը հանդիպումներ կունենա ՀՀ ղեկավարության հետ

19 Մայիսի 2025, 14:47

Քաղաքականություն

Ինչպես Alpha News-ն ավելի վաղ հայտնել է, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 20-21-ն աշխատանքային այցով կժամանի Երևան: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը:

Նշվում է, որ նախատեսված են հանգամանալից բանակցություններ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, սպասվում են զրույցներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

«Շփումները տեղի կունենան 2024 թվականի հոկտեմբերի 8-ին ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման, ինչպես նաև հունվարի 21-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Մոսկվա կատարած այցի արդյունքներով: Օրակարգում երկկողմ համագործակցության, եվրասիական ինտեգրացիոն միավորումների գծով փոխգործակցության, միջազգային հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում դիրքորոշումների համակարգման հարցերի լայն շրջանակի քննարկումն է: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն առարկայական մտքեր կփոխանակեն տարածաշրջանային անվտանգության խնդիրների, այդ թվում՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացների հեռանկարների շուրջ: Նախատեսվում է 2025-2026 թթ. միջգերատեսչական խորհրդակցությունների ծրագրի ստորագրում»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Լավրովը Հայ-ռուսական համալսարանում կխոսի նաև ռուսական բուհերի մասնաճյուղերի ուսուցիչների և ուսանողների, փորձագիտական ​​հանրության հետ, ինչպես նաև Ռուսական տանը կհանդիպի հայրենակիցների հետ: Ավանդույթի համաձայն՝ ծաղիկներ կխոնարհվեն Անմար կրակի մոտ՝ Անհայտ զինվորի գերեզմանին, ծաղկեպսակ կդրվի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում։

«Մոսկվան ակնկալում է, որ այցը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև քաղաքական և միջգերատեսչական երկխոսության ամրապնդմանը և կհանգեցնի փոխըմբռնման մեծացմանը և կողմերից յուրաքանչյուրին հետաքրքրող հարցերի փոխադարձ ընդունելի լուծումների որոնմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։