Լավրովը Մոսկվայում կհանդիպի ԱՊՀ երկրների արտգործնախարարների հետ
17 Ապրիլի 2026, 10:40
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի Մոսկվայում կայանալիք Անկախ Պետությունների Համագործակցության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, ինչպես նաև առանձին հանդիպում կանցկացնի Կենտրոնական Ասիայի երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, 2026 թվականին անցկացվող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի առաջին նիստի ընթացքում անդամ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կամփոփեն 2025 թվականին միջգերատեսչական համագործակցության արդյունքները, կքննարկեն ինտեգրացիոն կապերի զարգացման հեռանկարներն ու հիմնական ուղղությունները, այդ թվում՝ կազմակերպությունում Թուրքմենստանի ներկայիս նախագահության առաջնահերթությունների իրականացումը, ինչպես նաև ԱՊՀ-ի 35-ամյակի շրջանակում նախատեսված միջոցառումները։
ԱԳ նախարարները կարծիքներ կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային արդիական խնդիրների շուրջ։ «Հանդիպման արդյունքներով կընդունվեն մի շարք որոշումներ, որոնք ուղղված կլինեն արտաքին քաղաքական համակարգման ամրապնդմանը, ինչպես նաև համագործակցության խորացմանը մշակութային-հումանիտար, իրավապահ և այլ ոլորտներում»,- պարզաբանել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովաի խոսքով՝ ընդունված փաստաթղթերի մեծ մասը հետագայում կներկայացվի ԱՊՀ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հաստատմանը։
Նա նաև հավելել է, որ հանդիպման ընթացքում կքննարկվի նաև երկու ռուսական ուսումնական հաստատություններին ԱՊՀ անդամ պետությունների բազային կազմակերպությունների կարգավիճակ տրամադրելու հարցը։