Լոս Անջելեսը ցույցերի պատճառով ֆինանսական մեծ վնասներ է կրել, բայց զոհեր չկան. Ադրին Նազարյան
12 Հունիսի 2025, 22:30
Լոս Անջելեսում վերջին օրերին չեն դադարում ցույցերը, որոնք սկսվել են, երբ Միգրացիոն ծառայությունը սկսել է ապօրինի ներգաղթյալների դեմ ռեյդեր իրականացնել, որպեսզի նրանց վտարի երկրից: Ցույցեր են նաև ԱՄՆ այլ քաղաքներում, այդ թվում՝ Վաշինգտոնում, Նյու Յորքում, Տեխաս նահանգում, կան բերման ենթարկվածներ:
Alpha News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Ադրին Նազարյանի հետ:
«Այն ամենը, ինչ ցույց են տալիս լրատվականները, տեղի են ունենում Լոս Անջելեսի հենց կենտրոնում, իսկ քաղաքի մյուս հատվածներում հանգիստ է: Երբ ռեյդերը սկսվեցին, տասնյակ երիտասարդներ ակտիվացան և փողոցներ դուրս եկան՝ այդ կերպ ցույց տալով, որ համամիտ չեն տեղի ունեցողի հետ»,- նշել է քաղաքային խորհրդի անդամը:
Նրա խոսքով՝ քաղաքը ֆինանսական մեծ վնասներ է կրել, բայց, բարեբախտաբար, մարդկային կորուստներ չեն եղել:
«Ֆինանսական դժվարություններ լինելու են, քանի որ շատ շենքեր են վնասվել, դրանց շրջակայքն է վնասվել, պատեր կան, որոնք պետք է մաքրել, նորից ներկել: Վնասի չափը գնահատել այս պահին հնարավոր չէ»,- ընդգծել է Նազարյանը:
Այս օրերին թալանվել են նաև խանութներ, բայց, նրա խոսքով, դրանց թիվը 10-ից չի անցնում: