Մենք չենք պատրաստվում լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում․ Միրզոյան
19 Մայիսի 2026, 14:10
Հայաստանը չի ցանկանում լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Այս մասին ասել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրոզոյանը՝ Լիտվայի Արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ համատեղ ասուլիսում:
«Մենք չենք պատրաստվում «ապահարզան» ունենալ որևէ գործընկերոջ հետ մեր հարաբերություններում։ Ընդհանրապես, քաղաքականությունն ու դիվանագիտությունը այդպիսի ապահարզաններ առանձնապես չեն ճանաչում պատմության ընթացքում։ Մենք նաև չենք պատրաստվում լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Մենք գործընկերներ ենք, որոնք կապված են բազմաթիվ կապերով, և մենք տրամադրված ենք առողջ քննարկման միջավայրում այդ փոխշահավետ հարաբերությունները զարգացնելուն։ Խնդիրներ կա՞ն։ Անշուշտ։ Բայց ես կարծում եմ, որ խնդիրներ կան աշխարհի բոլոր հնարավոր հարաբերություններում, այդ խնդիրներին պարզապես պետք է կոնստրուկտիվ լուծումներ գտնել»,- նշել է Միրզոյանը։
Ինչ վերաբերում է Ռուսաստանից հնչող հիշեցումներին, որ հնարավոր չէ միաժամանակ լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ, Միրզոյանը ընդգծել է՝ Հայաստանը դա շատ լավ հասկանում է։
«Մեր մոտարկումը ԵՄ-ի հետ շարունակելու ենք։ Երբ կլինի, կհասունանա, կգա այն պահը, երբ մենք պետք է հենց այդ պահին որոշում կայացնենք, որ պետք է լինենք այս կամ այն երկրների ընտանիքի անդամ, մենք որոշում կկայացնենք։ Այստեղ ոչ մի նորություն չկա, և դրսից չէ, որ մեզ այդ մասին պետք է ասեն»,- ասել է նա։