Մենք կտեսնենք Հայաստանի տնտեսական կախվածությունը Եվրամիությունից. Դանիլա Գուրեև
17 Հունիսի 2026, 21:30
Քաղաքագետ և տնտեսագետ Դանիլա Գուրեևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ու Ռուսաստանի հետ Հայաստանի տնտեսական կապերի խզումը և մերձեցումը Եվրամիության հետ։
«Եվրամիությունից տրամադրվող պայմանական տնտեսական տրանշը՝ մոտ կես միլիարդ դոլարի չափով, առաջին հերթին նպատակ ունի փոխհատուցել այն տնտեսական կորուստները, որոնք Հայաստանը կկրի Ռուսաստանի Դաշնության հետ տնտեսական կապերի խզման հետևանքով։ Միանգամից հարկ է հասկանալ, որ, այո՛, դա գումար է, և բավականին մեծ գումար, բայց, այնուամենայնիվ, անբավարար։ Հայաստանի ամբողջ բյուջեն ծածկելու համար սա, բնականաբար, չի հերիքի։ Սակայն նպատակն այն է, որպեսզի, այսպես ասած, Հայաստանը վերակողմնորոշվի ռուսական շուկայից դեպի եվրոպական»,- նշել է Գուրեևը։
Քաղաքագետի կարծիքով՝ Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական ներարկումներն իրականացվելու են հակառուսական հենքի վրա։
«Եվ այս համատեքստում մենք տեսնում ենք մի շատ պարզ իրավիճակ. եթե այս ճանապարհով առաջ գնանք և տրամաբանորեն դատենք, ապա կստեղծվի նույնանման իրավիճակ, ինչպիսին Ուկրաինայում էր։ Այդ գործարարները՝ ինչպես փոքր, այնպես էլ խոշոր, պարզապես կսնանկանան։ Եկեք ուղղակի ասենք՝ նրանք կդադարեն գոյություն ունենալ որպես տնտեսվարող սուբյեկտներ: Դրա փոխարեն որևէ նոր բան չի առաջանա։
Եվ արդյունքում մենք կտեսնենք Հայաստանի տնտեսական կախվածությունը եվրոպացիներից, ավելի ստույգ՝ Եվրամիությունից, որն էլ տրամադրելու է տնտեսական տրանշները։ Այսօր դրանք հատկացվում են առաջացող ծախսերը ծածկելու համար, իսկ ապագայում կտրամադրվեն երկրի ներսում ռուսատյացության (ռուսոֆոբիայի) աստիճանը բարձրացնելու նպատակով»,- ամփոփել է Alpha News-ի զրուցակիցը։