Մենք Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղության գնալու տարբերակ չունենք․ Արմավիրի բնակիչ

30 Հունիսի 2026, 18:40

Հայեր

Հայ-ռուսական հարաբերությունների շարունակվող սառեցումն ու արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձերը տնտեսական լուրջ աղետի առաջ են կանգնեցրել Հայաստանի գյուղատնտեսությունն ու արտահանողներին: Արմավիրի մարզում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ գյուղացին այսօր կանգնած է սնանկացման և անելանելիության առաջ՝ չկարողանալով իր արտադրանքն իրացնել Ռուսաստանի Դաշնությունում:

Բնակիչները սուր քննադատության են ենթարկել իշխանությունների վարած տնտեսական ու արտաքին քաղաքականությունը՝ նշելով, որ «դեպի Եվրոպա» կամ «դեպի թուրքական շուկա» այլընտրանքների մասին թեզերը պարզապես լեգենդներ են, որոնք կտրված են իրականությունից:

«Մոռացե՛ք, թե մենք կարող ենք մեր ապրանքն Ադրբեջան կամ Թուրքիա արտահանել, դա անհնար է: Ընդհակառակը՝ այնտեղից է էժան ապրանք ներմուծվելու, իսկ այսօրվա մեր գյուղացին ի՞նչ է անելու. այս շոգին, արևի տակ ճռալու է, ապրանքը վերցնի, գնա շուկա, կանգնի։ Իսկ իշխանությունն ինչո՞վ է աջակցում գյուղացուն։ Ոչ մի բանով»,- նշել է բնակիչներից մեկը։

Արմավիրցիների խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն անում է այն ամենը, ինչ պահանջում են հարևան թշնամի պետությունները։

«Ադրբեջանն ու Թուրքիան ինչ նվագում են, այս մարդը իր թիմի հետ պարում է ու մեզ էլ ստիպում է, որ պարենք։ Բայց մենք չենք պարելու: Մենք Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղության գնալու տարբերակ չունենք, նրանք մեր դարավոր, ոխերիմ թշնամիներն են, և ես իմ 3 տարեկան աղջկան արդեն դա եմ սովորեցնում»,- նշել է մեկ այլ բնակիչ: