Մեքենան այրելը մի դրվագ էր. կան նախադրյալներ, որ այս շարքը կշարունակվի. Մանուկ Սուքիասյան

06 Մայիսի 2025, 22:00

Քաղաքականություն

Վախի մթնոլորտ ստեղծելու, ընդդիմախոսներին իբրև թե լռեցնելու խղճուկ փորձ անելու դրսևորում էր սա: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն՝ անդրադառնալով խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող մեքենան հրկիզելու դեպքին։

Նրա խոսքով՝ մեր օրերում հեշտ է նույնականացնել նման արարքների կատարողներին և պատվիրատուներին։

«Կարող ենք ենթադրել, որ սա վերևից եկած հրահանգ է, տանում են կոծկման ճանապարհով: Գնդակը հիմա իրավապահների դաշտում է, և պետք է կարճ ժամկետում սպասել գործի բացահայտմանը:

Նյարդային վարքագիծը խոսում է այն մասին, որ իրենք չեն տիրապետում գործընթացների կառավարմանը: Իրենք դարձել են արձագանքող, իրադարձություն ստեղծողը, մասնավորապես քաղաքային ավագանիում, դարձել է ընդդիմությունը: Քաղաքականությունից զատ, երբ հստակ սոցիալական ուղղվածություն է ստանում ընդդիմադիր գործունեությունը, հերթը հասնում է իշխանության կոռուպցիոն դրսևորումներին, մսխումներին, վատնումներին, իրենց մոտ առաջանում է կոգնիտիվ դիսոնանս, էքսցենտրիկ, հիստերիկ արձագանք՝ սկսած ավագանու նիստերի դահլիճից, վերջացրած տարբեր հարթակներում։ Մասնավորապես՝ սոցիալական էջերում ֆեյքեր «քսի տալով», ծեծով, մեքենա հրկիզելու փորձով:

Այս շարքը նոր չէ և կշարունակվի: Բոլոր նախադրյալները կան կարծելու, այդ ամենի կոնկրետ շահառուն իշխանությունն է և թիվ մեկ իշխանավորը՝ Նիկոլ Փաշինյանը»,- հավելել է Մանուկ Սուքիասյանը: