Մերձավանի ուսուցչին մեղադրելն ու հալածելն անթույլատրելի էր. ԿԳՄՍ փոխնախարար

15 Մայիսի 2025, 12:41

Կրթություն

Արմավիրի մարզի Մերձավան գյուղի դպրոցում պատմության ուսուցչուհու, աշակերտների և ծնողների միջև աղմկահարույց դեպքից 2 օր անց, դպրոցում կրքերը հանդարտվել են, դասապրոցեսը շարունակվում է բնականոն հունով, առաջիկայում կնշանակվի տնօրենի նոր պաշտոնակատար: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Փոխնախարարը նշեց, որ Մերձավանի դպրոցը Արմավիրի մարզպետարանի ենթակայության ներքո է, տնօրենի նշանակումը այդ կառույցը պետք է կատարի: Արաքսիա Սվաջյանը անընդունելի համարեց դպրոցում տեղի ունեցած միջադեպը, մասնավորապես՝ պատմության ուսուցչուհու նկատմամբ բացասական վերաբերմունքը:

«Ուսուցչուհին մի քանի ամիս է, ինչ աշխատում է այդ դպրոցում, ուսումնական գործընթացը նորմալ գնացել է, բայց ինչ-որ փուլում, ինչ-որ գործոնով պայմանավորված խնդիրը սրվել է և շատ հաճախ այդ սրմանը պատճառ են հանդիսանում նաև այլ գործոններ՝ ծնողները, աշակերտների միջև քննարկումները, այլ ուսուցիչների կողմից հրահրումը: Ես անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտել ու ասել, թե կոնկրետ որ գործոնով է պայմանավորված եղել միջադեպը, բայց յուրաքանչյուր ուսուցիչ-աշակերտ հարաբերություններում հնարավոր է տարաձայնություններ լինեն, ինչը լավ չէ: Այստեղ կարևոր է, որ դպրոցի մանկավարժական կոլեկտիվը կամ աշակերտների հետ տարաձայնություն ունեցող ուսուցիչը, կարողանան կարգավորել հարցը, բայց երբեմն հարցերը բարդանում են, քան տվյալ ուսուցչի կարգավորման շրջանակում է: Այդ դեպքում պետք է միջամտեն նաև դպրոցի մյուս օղակները՝ դասղեկը, փոխտնօրենը, տնօրենը, ծնողական խորհուրդը, ինչը մեր տեղեկությամբ, չի իրականացվել դպրոցում»,- ասաց Արաքսիա Սվաջյանը:

Փոխնախարարը հավելեց, որ նախարարությունն ուսումնասիրում է պատմության ուսուցչուհու՝թե՛ Մերձավանի, թե՛ այլ դպրոցների գործունեությունը:

«Բայց անկախ նրանից, թե ուսուցիչն ինչպիսի գործունեություն է ծավալում, ինչպիսի փոխհարաբերություններ է ունենում այս կամ այն դրվագի շրջանակում, որևէ մեկը ուսուցչի հետ նման կերպ վարվելու իրավունք չունի: Եթե նա խախտում է թույլ տալիս, էթիկապես ճիշտ չի պահում դասի ժամանակ, ապա դրան արձագանքելու այլ եղանակներ կան, պետք է գործի դրվեն համապատասխան մեխանիզմները, ոչ թե ուսուցչին մեղադրեն, բոլորով հալածեն, ինչն անթույլատրելի է: Տվյալ ուսուցիչը տվյալ իրավիճակում իրեն շատ հավասարակշիռ պահեց»,- շեշտեց Արաքսիա Սվաջյանը:

Հիշեցնենք՝ մայիսի 13-ին, Մերձավանի դպրոցում աշակերտները դասադուլ էին հայտարարել: Նրանք բողոքում էին պատմության ուսուցչուհու՝ Ռոզա Դավթյանի վարքից, կոպիտ արտահայտվում նրա մասին, բողոքին միացել էին նաև ծնողները: Ռոզա Դավթյանը հերքում էր իր հասցեին հնչած մեղադրանքները: Դեպքից մեկ օր անց միայն՝ մայիսի 14-ին, ԿԳՄՍՆ հայտնեց, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հեռացրել են աշխատանքից, իսկ ուսուցչուհու նկատմամբ վերաբերմունքն անթույլատրելի էին համարել:

Այսօր՝ մայիսի 15-ին, Արմավիրի մարզպետարանը հաղորդեց, որ մարզպետ Արգիշտի Մեխակյանը մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Մերձավանի միջնակարգ դպրոց՝ ծանոթանալու դպրոցում տիրող իրավիճակին։