Մեզ հանդիմանելու կարիք չկա․ Սերգեյ Լավրով
21 Մայիսի 2025, 22:56
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ռուս-հայկական հարաբերությունների ներկայիս մակարդակն ու զարգացման հեռանկարը, ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերը և 2022 թվականի Պրահայի պայմանավորվածությունները։
«2022 թվականին Ջերմուկում տեղի ունեցած միջադեպից հետո մեր հայ գործընկերները որոշեցին, որ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտականությունները, երբ չի միջամտել երեք օր տևած այդ մարտերին։ 2022 թվականի հոկտեմբերին Երևանում տեղի ունեցավ ՀԱՊԿ գագաթնաժողովը և Ջերմուկի միջադեպերի արդյունքում ՀԱՊԿ առաքելությունն այցելեց տարածաշրջան, ուսումնասիրեց, թե որքանով է հնարավոր ամրապնդել անվտանգությունը հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածում։ Այնուհետև առաքելությունը ներկայացրեց ՀԱՊԿ զինված դիտորդների տեղակայման ծրագիրը, որը մենք Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին երկար համաձայնեցրել էինք արտգործնախարարների և պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակներում, ամեն ինչ համաձայնեցրել էինք։ Բայց առավոտյան, երբ հանդիպեցին պետությունների և կառավարությունների ղեկավարները, առաջարկին հավանություն չտվեցին, հայկական կողմը բավարար չհամարեց դրանում առկա գնահատականները։
Դրանից հետո ՀՀ ղեկավարությունն Ադրբեջանի համաձայնությամբ համաձայնեց տեղակայել ԵՄ դիտորդական առաքելություն։ Դա հայկական կողմի ընտրությունն է, մենք ոչ մի առարկություն չունեինք, բայց մի քանի շաբաթ անց տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական հանրության հանդիպումը, որը հորինել էր Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, և ուղղակիորեն հայտարարեց, որ դրանք մեծ հաշվով ԵԱՀԿ եվրոպացի անդամներ են, մինուս Ռուսաստանն ու Բելառուսը։ Վերջերս տեղի ունեցավ եվրոպական այդ քաղաքական հանրության հերթական հանդիպումը Ալբանիայում, և կարծես հաջորդ տարի Հայաստանը հավակնում է անցկացնել այն։ Հուսով եմ, որ այս նախաձեռնության մեր գնահատականը հասկանալի է և հարգանքով կընկալվի, քանի որ մենք հարգանքով ենք ընդունում մեր գործընկերների, դաշնակիցների գործողություններն ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս եղել է հայկական իշխանությունների ինքնիշխան որոշումը:
«2022 թվականի նոյեմբերին Պրահայում այս եվրոպական համայնքի առաջին հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները՝ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի և, եթե չեմ սխալվում, Ուրսուլա ֆոն դեր Լայենի ղեկավարությամբ, հավանություն տվեցին մի փաստաթղթի, որտեղ ասվում է, որ վերջ՝ Ղարաբաղը տարածք է, որի կարգավիճակը որոշվել է 1991 թվականին։
Ալմա Աթայի հռչակագրով Ղարաբաղն Ադրբեջանի մաս է: Մենք դա ընդունեցինք որպես Հայաստանի ղեկավարության ինքնիշխան որոշում։ Թեև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, երբ կանգնեցնում էին պատերազմը, նախագահ Պուտինն Ալիևի և Փաշինյանի հետ ամբողջ գիշեր բանակցություններ էր վարում և համաձայնեցնում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին փաստաթուղթը, որտեղ հետաձգվել էր Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Հաշվի առնելով այս թեմայի սրությունը երկու ժողովուրդների և երկրների համար՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգվեց։
Բայց եթե 2022 թվականին ՀՀ ղեկավարությունը որոշեց, որ դա սահմանվում է Ալմա Աթայի հռչակագրով, ապա մենք պետք է հարգանքով վերաբերվենք ցանկացած որոշման։ Մեր կողմից ոչ մի խնդիր չի եղել։ Սա, ի դեպ, հարցականի տակ դրեց նաև մեր խաղաղապահների ներկայությունը, որովհետև 2020 թվականի նոյեմբերի պայմանավորվածության մեջ գրված էր, որ Ղարաբաղի տարածքը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ։ Բայց քանի որ 2022 թվականին որոշել են, որ դա Ադրբեջանի տարածք է, այնտեղից աստիճանաբար դուրս բերվեցին մեր խաղաղապահները։ Եվ հիմա ունենք այն, ինչ ունենք։
Եղել են թյուրըմբռնումներ, եղել են կասկածներ, մենք պատրաստ ենք քննարկել բոլոր ասպեկտները։ Մենք ոչ մի պարտավորություն չենք խախտել։ Երբ նման որոշում կայացվեց, մենք ընդհանրապես չգիտեինք, որ Պրահայում նման պայմանավորվածություն է նախատեսվում։ Այդ մասին տեղեկացանք լրատվամիջոցներից։ Եվ երբ ինչ-որ մեկը ընդդիմությունից կամ այլ քաղաքական շրջանակներից ասում է, որ Ռուսաստանն է Ղարաբաղը տվել Ադրբեջանին, դա անազնիվ է, ուղղակի՝ անազնիվ, քանի որ դա հակասում է փաստին: Մենք այդ մասին տեղեկացել ենք ԶԼՄ-ներից և, ի դեպ, բոլոր 20 և ավելի տարիներին, երբ Ռուսաստանն օգնում էր Ադրբեջանին և Հայաստանին բանակցություններ վարել, քննարկել խաղաղության պայմանագրի բազմաթիվ տարբերակներ, նրանցից յուրաքանչյուրում Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգվում էր»,-ընդգծել է Լավրովը։