ՄԻԵԴ-ը Բաքվից տեղեկություն է ստացել ադրբեջանցիների կողմից առևանգված Ռաշիդ Բեգլարյանի մասին

15 Օգոստոսի 2023, 12:03

Քաղաքականություն

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի կողմից առեւանգված Ռաշիդ Բեգլարյանի մասին տեղեկություններ է փոխանցել հայկական կողմին։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։

«Մինչեւ օգոստոսի 17-ը ժամկետ ունենք առարկությունների եւ դիրքորոշում հայտնելու: Տեղեկությունները փոխանցվել են հարազատներին: Քրեական հոդվածը սահմանն ապօրինի հատելու մասով է»,- նշել է Սամվելյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցիների կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանը մոլորվելու հետևանքով ընկել է ադրբեջանական վերահսկողության տակ:

Բեգլարյանը 2020-ի պատերազմի հետևանքով տեղահանվել էր Շուշի քաղաքից, իսկ վերջին օրերին գտնվում էր Շուշիի շրջանի Հին շեն գյուղում:

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Հակարիի կամրջի վրա տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետից Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն առեւանգել էին 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ սրտի անհետաձգելի բուժօգնության նպատակով Արցախից Հայաստան էր տեղափոխվում։ Խաչատրյանի ընտանիքի անդամները հայտարարել են, որ որեւէ լուր չունեն Վագիֆ Խաչատրյանից: