Մոսկվան Երևանում անցկացված ԵՄ գագաթնաժողովը ընկալել է որպես Ռուսաստանի դեմ ուղերձ. Իգոր Սեմյոնովսկի

08 Մայիսի 2026, 22:45

Քաղաքականություն

Քաղաքական գիտությունների թեկնածու, ՌԴ կառավարության ենթակայությամբ գործող Ֆինանսական համալսարանի դոցենտ Իգոր Սեմյոնովսկին Alpha News-ին տված հարցազրույցում անդրադարձել է Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին և հայ-ռուսական հարաբերություններին։ 

«Մոսկվայում դա չէին կարող այլ կերպ ընկալել, քան բացասական։ Հայտարարությունների բովանդակությունն այլընտրանք չէր թողնում․ դրանք ընդունվեցին բացասաբար։ Վերջիվերջո, նման խոսքեր հնչեցին բարեկամ, դաշնակից երկրի հարթակում, սակայն ստեղծվեց տպավորություն, որ դիվերսիֆիկացիայի քողի տակ առանձնացվում էր մեկ կոնկրետ կողմ, որը բառացիորեն թշնամաբար է տրամադրված Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Ինչպե՞ս կարող է Ռուսաստանն արձագանքել, երբ քո ընկերը հանկարծակի դառնում է քո թշնամու ընկերը։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ նա մնում է քո ընկերը, թե՞ դառնում է քո թշնամին։ Այս առումով, իհարկե, լավատեսություն չկա, կա կասկածամտություն»,- նշել է քաղաքագետը։

Մասնագետի խոսքով՝ առաջիկայում Հայաստանի հիմնական արտահանվող ապրանքները կարող են ենթարկվել լրացուցիչ ստուգումների, իսկ մատակարարումները կարող են դադարեցվել։ 

«Ցավոք, որպես ռուս քաղաքագետ, ես տեսնում եմ, որ ՌԴ ԱԳՆ-ն իր դիրքորոշումն արտահայտել է միայն վերջին 1,5 ամիսների ընթացքում։ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ակնհայտորեն հեռանում է Ռուսաստանից։ Այս պայմաններում արդեն ուշ է արձագանքելու համար, քանի որ հարաբերությունները հասել են այդ կետին։ 

Այնուամենայնիվ, ավանդական արձագանքման գործիքը շարունակում է մնալ առևտրատնտեսական քաղաքականությունը։ Մի կողմից կա ԵԱՏՄ շրջանակը, իսկ մյուս կողմից՝ բուսասանիտարական, տեխնիկական և մաքսային կանոնակարգերը։ Հետևաբար, Հայաստանի հիմնական արտահանվող ապրանքները՝ հանքային ջուր, գինի և օղի, մրգեր, բանջարեղեն, ծաղիկներ և շատ ավելին, հավանաբար կենթարկվեն լրացուցիչ ստուգումների և կարող են դադարեցվել դրանց ներմուծումը։ Այլ հարց է, որ ՌԴ-ն ՀՀ իշխանության հետ հարաբերություններում պետք էր նախապես քայլեր ձեռնարկել», — ընդգծել է նա։

Քաղաքագետի խոսքով՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Երևանում անցկացվել է միայն մեկ նպատակով՝ աջակցել գործող իշխանությանը։

«Աշխարհաքաղաքական տեսանկյունից միամտություն է ասել, որ Հայաստանը կփոխի իր ուղղությունը ժողովրդավարական ընտրություններից հետո, չնայած ԵՄ ողջ ազդեցությանը՝ քաղաքական տեխնոլոգիաների, ուժի, կազմակերպչական, տեղեկատվական և այլ գործիքների, որոնք այն օգտագործում է վերջին մեկ տարվա ընթացքում: 

Հասկանալի է, որ նման գագաթնաժողովներն ու միջոցառումները կազմակերպվում են միայն մեկ նպատակով՝ աջակցել գործող իշխանությանը և հետո կազմակերպչական միջոցներով լրացնել բաց մնացած ձայները ցանկացած հնարավոր եղանակով։ Հետևաբար, ինձ թվում է՝ Մոսկվան որոշակի պատրանքներ ունի, որ այս ընտրությունները կլինեն արդար, թափանցիկ և համապատասխանեն ԵԱՀԿ չափանիշներին»,- նշել է քաղաքագետը։