Մոսկվայի և Երևանի հարաբերությունները շարունակում են մնալ լարված․ Պյոտր Կոլչին

Քաղաքագետ Պյոտր Կոլչինը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակին։

Փորձագետի խոսքով՝ Երևանի և Մոսկվայի միջև լարվածությունը պահպանվում է՝ Հայաստանի ղեկավարության արտաքին և ներքին քաղաքականության պատճառով։

«Իհարկե, Երևանի և Մոսկվայի հարաբերություններում լարվածությունը պահպանվում է՝ պայմանավորված Փաշինյանի արտաքին և ներքին քաղաքականությամբ։ Նա բացահայտ կերպով սադրում է Ռուսաստանին և դավաճանում երկարամյա համագործակցության ժառանգությանը, եթե չասենք՝ հայ-ռուսական հարաբերությունների ողջ պատմությանը։

Սակայն տեսնում ենք, որ Պուտինը, արժևորելով ռուս և հայ ժողովուրդների միջև եղած կապերը, շարունակում է պաշտոնական մակարդակով պահպանել երկխոսությունը, բայց՝ խիստ սահմանների շրջանակում։ Առայժմ վաղ է խոսել դիրքորոշումների որևէ մերձեցման մասին, և Մոսկվայի ու Երևանի հարաբերությունների ներկայիս փուլը շարունակում է մնալ բավական լարված», — ասել է Կոլչինը։