Նախընտրական շրջանում կենսաթոշակների բարձրացումը «օրինականացված թալան» էր․ Տավուշի բնակիչ
01 Հուլիսի 2026, 16:20
Տավուշի մարզում անցկացված հարցումները ցույց են տալիս բնակչության դժգոհությունն ու անվստահությունը սոցիալ-տնտեսական իրավիճակի նկատմամբ։
Հարցման մասնակիցներից մեկն, անդրադառնալով թալանի մասին քննարկումներին, քննադատել է գործող իշխանություններին՝ ընդգծելով, որ իրական պատկերը պարզ կդառնա միայն իշխանափոխությունից հետո։
«Ամեն ինչ պարզ կլինի, երբ որ այս իշխանությունը չլինի։ Կտեսնենք՝ որքան են իրենք թալանել, որքան՝ նախկինները։ Հիմա իրենց իշխանության օրոք ոչ մի բան չես կարող բացահայտել, բայց հենց որ գնան, արդեն պարզ կլինի, թե ովքեր են ավելի շատ թալանել՝ նախկիննե՞րը, թե՞ իրենք»,- նշել է նա։
Տավուշցիները քննադատել են նաև նախընտրական շրջանում կենսաթոշակների բարձրացման քաղաքականությունն՝ այն անվանելով «օրինականացված թալան»։
«Մեր թոշակը 10 000 դրամով են բարձրացրել, բայց իրենք միլիոններ են ստանում։ Բացի այդ, պարզվում է՝ այն 10-20% բոնուսը, որը պետք է ստանանք քարտով գնումներ կատարելիս, դրա մեջ կոմունալի վճարումները չեն մտնում։ Այդ դեպքում ի՞նչ անենք»,- ընդգծել է հարցման մեկ այլ մասնակից։
Մեկ այլ թոշակառու էլ հավելել է, որ գների տասնապատիկ բարձրացման ֆոնին այդ հավելումն ուղղակի ծաղր է։