Նիկոլ Փաշինյանը միակողմանի զիջումների դրոշը վերցրել է և գնում է առաջ․ Ավետիք Քերոբյան

Մտահոգիչ են ոչ միայն կրակոցները, այլ նաև ՀՀ իշխանությունների և Զինված ուժերի կողմից արձագանքի բացակայությունը։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանն՝ անդրադառնալով վերջին օրերին Խոզնավարի ուղղությամբ ադրբեջանական կրակոցներին։

«Ի՞նչ է ասում ԳՇ պետը՝ «կրակոցները լսում ենք, «բանի տեղ» չենք դնում»։ Սա զինվորական երդման ուրացման համախտանիշ է։ Այս պարագայում սա է ամենամտահոգիչը։ Չի կարելի խոսել խաղաղության մասին, երբ ոխերիմ թշնամին չի թաքցնում իր ծավալապաշտական նկրտումները, չի կարելի այսպես ապրել, նվաստացնել սեփական ժողովրդին, սեփական անգործությամբ խրախուսել արտագաղթը»,-ասել է Քերոբյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «միակողմանի զիջումների դրոշը վերցրել է և գնում է առաջ»։

«Իհարկե, չի լինելու խաղաղություն, որովհետև մեր թշնամին չի ուզում խաղաղություն։ Նրանց պետական փաստաթղթերում, պետական ռազմավարության մեջ Հայաստանը գոյություն չունի։ Նրանց պատկերացմամբ՝ հայ ժողովուրդը Հայաստանի տարածքում ապրելու իրավունք չունի։ Եվ այս զիջումների պարագայում մտածել, թե կարող է խաղաղություն լինել, ուղղակի միամտություն և անմտություն է»,-հավելել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահը։