Նոր գյուղտեխնիկա՝ Ստեփանավանի համայնքների գյուղատնտեսական խնդիրները լուծելու համար․ Կարապետյան
21 Հուլիսի 2026, 16:11
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է Ստեփանավանի տարածաշրջանում գյուղատնտեսական աջակցության նոր ծրագրի մեկնարկի մասին։
Վերջերս Ստեփանավանի համայնքներ (այդ թվում՝ Գյուլագարակ, Կուրթան) կատարած այցելության ընթացքում տեղի բնակիչները բարձրացրել են տասնամյակներ շարունակ իրենց հուզող հիմնական խնդիրներից մեկը՝ գյուղտեխնիկայի սուր պակասը։
Գյուղացիների փոխանցմամբ՝ իրենք ստիպված են լինում տեխնիկա վարձակալել Գեղարքունիքի և այլ մարզերից, ինչը ոչ միայն էապես ավելացնում է ֆինանսական ծախսերը, այլև տեխնիկական անհամապատասխանության պատճառով հանգեցնում է բերքի մինչև 20% կորստի։
Արձագանքելով բնակիչների խնդրանքին՝ Նարեկ Կարապետյանը տեղեկացրել է, որ տարածաշրջան է ուղարկվում նոր գյուղտեխնիկա, որը բարեգործական հիմունքներով կմասնակցի գյուղատնտեսական աշխատանքներին։
«Այս աջակցության արդյունքում գյուղատնտեսները կկարողանան ստանալ ավելի էժան և քիչ կորուստներով բերք։ Մեզ համար մեծ ուրախություն է աջակցել մեր հայրենակիցներին՝ հաղթահարելու տասնամյակներով տևող այս խնդիրը», — նշել է Կարապետյանը։