Նոր հրապարակվող տվյալներից մինչև Փաշինյանի՝ իրեն հաղթող հայտարարելը, գծված սխեմա էր․ Տիգրան Քոչարյան

08 Հունիսի 2026, 18:30

Քաղաքականություն

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները։ Ըստ նախնական տվյալների՝ խորհրդարան կանցնի երեք կամ չորս քաղաքական ուժ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Հայաստան» դաշինքը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ խորհրդարան անցնելու հարցը դեռևս հստակեցված չէ։ Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանի հետ։

«Ուշացել է ամբողջ ընտրական պրոցեսը։ Երեկ շատերը նկատեցին, որ ընտրատեղամասերի փակվելուց հետո անցել էր մոտ 4-5 ժամ, սակայն Երևանից և մյուս խոշոր քաղաքներից որևէ տվյալ չէր հրապարակվում։ Կային միայն փոքր գյուղերից ստացված տվյալները, որոնք դաշտ էին նետվում ՔՊ-ի բարձր տոկոսը հիմնավորելու նպատակով։ Ցավոք, այդ «կուտը» կերան նաև որոշ ընդդիմադիր լրատվամիջոցներ ու գործիչներ՝ ժողովրդի մեջ սերմանելով այն, որ ՔՊ-ն կարող է բարձր տոկոս հավաքել, իսկ դա որոշակի վստահություն էր տալիս իշխանություններին»,- նշել է Տիգրան Քոչարյանը։

Նրա խոսքով՝ նոր հրապարակվող տվյալներից մինչև Նիկոլ Փաշինյանի՝ իրեն հաղթող հայտարարելը, ամեն ինչ գծված սխեմա էր։

«Այստեղ բավականին հետաքրքիր էր Նիկոլ Փաշինյանի վարքագիծը։ Գիշերը 00։30-ին դեռ ոչինչ պարզ չէր, և հաշվել էին ձայների 10%-ը, բայց նա ասուլիս տվեց ու հայտարարեց, որ այս ընտրություններում հաղթել է։ Նման իրավիճակ եղել է 1996թ-ին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, երբ դեռ ձայների հաշվարկը ավարտված չէր, բայց նա դուրս եկավ շամպայնով և սկսեց շնորհավորանքներ ընդունել։ Այսինքն՝ մենք կարող ենք հստակ ասել, որ այս դեպքում իշխանությունները որոշեցին նախաձեռնողականություն ցուցաբերել։ Եվ նոր հրապարակվող տվյալներից սկսած մինչև Նիկոլ Փաշինյանի՝ իրեն հաղթող հայտարարելը գծված սխեմա էր»,- ընդգծել է Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։