«Նորդուզը»՝ Իրանի գլխավոր ցամաքային առևտրային հանգույց. Թեհրանը նոր ծրագիր ունի

20 Նոյեմբերի 2026, 21:15

Քաղաքականություն

Իրանը նախատեսում է հաջորդ տարվա ընթացքում Հայաստանի հետ սահմանին գտնվող «Նորդուզ» անցակետը դարձնել երկրի ամենաբանուկ ցամաքային առևտրային սահմանային անցակետը։ Այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։

Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին հայտնել է, որ Հայաստան կատարած այցի շրջանակում «Նորդուզ» սահմանային տերմինալի վերաբերյալ արդյունավետ բանակցություններ են անցկացվել, ինչպես նաև բացահայտվել և հաշվի են առնվել հայկական կողմի կարիքներն ու խնդրանքները։

Անդրադառնալով Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների և առևտրային սահմանափակումների պայմաններում տերմինալի ռազմավարական նշանակությանը՝ փոխնախագահն ընդգծել է. «Նորդուզը կարևոր ներուժ ունի առևտրային և տարանցիկ փոխանակումների զարգացման ու ապրանքների հոսքի դյուրացման համար և կարող է արդյունավետ դեր խաղալ հարևան երկրների հետ Իրանի տնտեսական կապերի ընդլայնման գործում»։