Մենք ենք Արցախը, մենք մեզ ենք բերել, մենք արժեք ենք, մարդը արժեք է․ Լիանա Քոչարյան

22 Դեկտեմբերի 2023, 20:46

Կարծիք

Արցախի նկարիչների միության անդամ, բռնի տեղահանված Լիանա Քոչարյանը Alpha News-ի ուղիղ եթերում ասել է, որ մինչև հիմա էլ չի հասկանում, թե ո՞վ էր մեդալներն այրելու հրաման տվել։

«Գալիս, ասում էին՝ բոլոր մեդալները, բոլոր զինանշանները, այն, ինչը կփաստի, որ դու զինվորական ես, կամ տանը զինվորական կա, վառեք, ոչնչացրեք։ Ուզում եմ հասկանամ՝ ով էր աղբյուրը։ Ով է դա տարածել, ով է բերանացի հրաման տվել։ Բոլորը վառում էին, թաքցնում։ Կարո՞ղ է թշնամին գա, մտնի, ասի՝ այս շորն ու՞մն է»,- հռետորական հարց է տվել Քոչարյանը։

Մեր զրուցակիցը ցավով է նկատել, որ ինքը թեպետ հիմա Հայաստանում է, բայց սիրտն այրվում է, երբ պատկերացնում է՝ ինչ վիճակում է իր տունը։

«Ես չեմ զգացել, որ իմ շուրջն ինչ-որ մեկը դասալքության նշույլ է ցույց տալիս։ Իմ ամուսինը մի ողջ կյանք Եղնիկներում է ծառայել։ Մինչև հիմա ասում է՝ շորերս հագնեմ, գնամ ծառայելու։ 70 տարեկան է։ Իր այդ ոգին չի հոգնում։ Մենք նույն գյուղում ենք ծնվել։ Հիմա երբ պատկերացնում եմ, որ իմ պապական տունը ամայի, տափաստանի նման ջունգլի է դառնալու, մեծ ցավ եմ ապրում։ Մեզ զոհաբերելով ենք ապրում Երևանի այս սիրուն ասֆալտներին»,- ասել է Լիանա Քոչարյանը։

Մեր զրուցակիցը նաև նշում է՝ իրենք են Արցախը ու իրենք իրենց հետ բերել են Արցախը։

«Սա մեր երկիրն է, հենց մանկուց Հայաստանի, Մասիս սարի մասին բանաստեղծություններ էինք արտասանում, այս ամենը՝ Հայաստան կոչվածը,մեր մեջ շատ է նստած։ Հետո արդեն Արցախը խմորվեց, շատացավ մեր մեջ։ Մենք հայ ենք և եկել ենք այստեղ։ Մենք ենք Արցախը, մենք մեզ ենք բերել, մենք արժեք ենք, մարդը արժեք է»,- եզրափակել է Քոչարյանը։