Որտե՞ղ են TRIPP-ի փոխադարձ առավելությունները․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին
21 Հոկտեմբերի 2026, 13:45
Փոխադարձ առավելությունները որևէ փաստաթղթում նկարագրվա՞ծ են նույնքան մանրամասն, որքան անխոչընդոտ ռեժիմը։ Այս մասին ԱԺ-ում «TRIPP» նախագծի քննարկման ժամանակ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին հարց է ուղղել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ խնդրելով հնարավորինս կոնկրետ պատասխաններ տալ իր բարձրացրած հարցերին։
Պատգամավորը հետաքրքրվել է, թե որտեղ է մանրամասն նկարագրված Հայաստանի և մյուս կողմերի համար նախատեսված փոխադարձ առավելությունների բովանդակությունը։
«TRIPP-ն, ըստ էության, միայն Հայաստանի տարածքով անցնող՝ շուրջ 42 կմ ճանապարհը չէ՞։ Այն ներառո՞ւմ է Երասխով անցնող ճանապարհները, թե՞ ոչ։ Եթե այո, ապա Երասխով անցնող ճանապարհների վրա նույն ռեժի՞մն է գործելու՝ TRIPP-ի շրջանակում նկարագրված նույն պայմաններով, այդ թվում՝ front office-ի և back office-ի մասով»,- հարցրել է Վարդանյանը։
Պատգամավորն անդրադարձել է նաև ծրագրի շրջանակում նախատեսվող ենթակառուցվածքների տեղակայմանը և դրանց զբաղեցրած տարածքի չափերին։
«Մենք խոսում ենք «TRIPP»-ի շրջանակում երկաթուղու, ճանապարհի, գազամուղի, նավթամուղի և էլեկտրահաղորդակցության ենթակառուցվածքների մասին։ Այս ամենը մեկ վայրո՞ւմ է տեղակայվելու, թե՞ տարածվելու է ամբողջ Սյունիքով կամ այլ տարածքներով։ Եթե երկարությունը գիտենք, ապա որքա՞ն է լինելու լայնությունը։ Կարո՞ղ ենք հասկանալ՝ ինչ տարածքի մասին է խոսքը», — Քրիստինե Վարդանյանը։