«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները մերժում են նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու օրակարգը

29 Նոյեմբերի 2026, 22:18

Քաղաքականություն

Ինչպես գրում է dialectica.am-ը, շաբաթվա սկզբին՝ տևական քննարկումներից հետո, հրապարակվել է Հայաստանի նոր Սահմանադրության տեքստը, որն ընդդիմադիր և հասարակական-քաղաքական մի շարք շրջանակների կողմից որակվել է որպես «ալիևյան»։ Խորհրդարանական ընդդիմության «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները հայտարարել են, որ չեն ապահովելու հանրաքվեի անցկացման համար պակասող ձայները՝ թույլ չտալով նախագծի առաջխաղացումը։

Ի պատասխան այս դիրքորոշման՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ Պետրոս Ղազարյանի հարցին ի պատասխան, համոզմունք է հայտնել, որ խորհրդարանական ընդդիմությունը, այնուամենայնիվ, կողմ է քվեարկելու հանրաքվեի անցկացմանը։

Հարցազրույցի անոնսի հրապարակումից հետո խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժի՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորներ սոցիալական ցանցերում հանդես են եկել հրապարակային գրառումներով՝ վերահաստատելով, որ մերժում են սահմանադրական փոփոխությունների՝ իրենց բնորոշմամբ «արտաքին պարտադրանքով» օրակարգը և դեմ են քվեարկելու նախագիծը հանրաքվեի դնելուն։

Մասնավորապես՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը, արձագանքելով վարչապետի հայտարարությանը, պնդել է, որ «Ալիևյան սահմանադրությունը» հանրաքվեի դնելու հարցը մերժվելու է՝ ընդգծելով, որ սա «արժեհամակարգի և բարոյականության հարց է»։ Թեմային շաբաթվա ընթացքում քանիցս անդրադարձել է նաև ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը՝ նշելով, որ արտաքին պարտադրանքով սահմանադրական օրակարգն անընդունելի է, իսկ «5-րդ ալիքի» կիրակնօրյա եթերում վստահություն է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանն իրենից և իր գործընկերներից պահանջվող 6 ձայնը չի ստանալու։

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիանա Մանուկյանն իր հերթին շեշտել է, որ իրենց ուժի սկզբունքները սակարկման ենթակա չեն, և ինքը երբեք կողմ չի քվեարկելու «Ալիևի պարտադրած Սահմանադրության նախագիծը» հանրաքվեի դնելու օգտին։ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանը ևս հայտարարել է, որ որևէ պարագայում կողմ չի քվեարկելու նախագծին։

Խմբակցության պատգամավորներ Արման Ավչյանն ու Հասմիկ Ենգոյանն ընդգծել են, որ մերժելու են նախագիծը հանրաքվեի դնելու հարցը՝ վստահություն հայտնելով, որ խմբակցության որևէ այլ պատգամավոր ևս կողմ չի քվեարկի։ Իսկ պատգամավոր Հայկ Սուքիասյանը, դիմելով կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին և իրենց օգտին քվեարկած 345 հազար քաղաքացիներին, վստահեցրել է, որ իր պատգամավորական մանդատը ծառայելու է «Ալիև-Նիկոլ Փաշինյան համագործակցությունից» Հայաստանն ազատելու նպատակին։

Նախագծին դեմ քվեարկելու իրենց դիրքորոշման մասին հրապարակավ հայտնել են նաև խմբակցության պատգամավորներ Իրինա Յոլյանը, Մարիաննա Ղահրամանյանը, Արեգա Հովսեփյանը, Վրույր Այվազյանը, Շիրազ Մանուկյանը և Վաղինակ Վարդանովը։

Այս հայտարարությունները վկայում են, որ խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը մտադիր չէ աջակցել նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու գործընթացին, ինչը հարցականի տակ է դնում իշխող ուժի կողմից նախաձեռնված գործընթացի հաջողությունը խորհրդարանում։