Ուզում են՝ մոռանանք Եղեռնը, որ 100 տարի հետո էլ Արցախը մոռանանք․ Ժպիտ Մելքոնյան

Ինչու՞ ենք դռնեդուռ ընկնում, որ մեզ օգնեն։ Այսպիսի հռետորական հարց է տվել Alpha News-ի ուղիղ եթերում Հայ Երիտասարդաց Դաշնակցության ներկայացուցիչ Ժպիտ Մելքոնյանը։

«ԱՄՆ-ն չի կարող ապահովել Հայաստանի անվտանգությունը։ ԱՄՆ-ի ձայնալարը խեղդված է Ադրբեջանի փողերով։ Մենք այստեղ՝ սփյուռքահայերս, դեռ տարիներ առաջ գիտեինք, որ ԱՄՆ-ն մեզ թիկունք չի կանգնի, այսինքն՝ Փաշինյանի գլոբալիզմի այս մղումը արդեն փաստված է, որ օգուտ ու ազդեցություն չունի։ Եթե արդեն Եվրոպան ու ԱՄՆ-ն մեզ ապացուցել են, որ պիտի չօգնեն, ինչու՞ ենք իրենց հետևից գնում, մենք ինչ ազգ ենք, որ խեղճ ու կրակ, դռնեդուռ ենք ընկնում, որ մեզ օգնեն։ Մեզ ուզում են համոզել, որ ուրիշ լուծում չունենք, բայց ունենք։ Մենք միշտ լավ ընկերներ ենք ունեցել պատմության մեջ, պիտի այդ լավ հարաբերությունները զարգացնենք, պիտի իմանանք, որ մեր թիկունքը լայն է, ոչ թե միայն ԱՄՆ-ով է սահմանափակված»,- ընդգծել է Մելքոնյանը։

Մեր զրուցակիցն անդրադարձել է Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնող հայտարարություններին՝ նշելով, որ այնպես են անում, որ 100 տարի հետո էլ Արցախը մոռանանք․

«Սա ազգադավ կառավարություն է։ Գիտենք, որ Օսմանյան կայսրությունը հայկական գյուղերը ոչնչացրել է, ու այդ փաստն էլ է ոչնչացրել։ Գիտեն, որ չեն կարող այդ մեկուկես միլիոն զոհերի անունները հանել։ Ուզում են, որ մենք մոռանանք Եղեռնը, որպեսզի 100 տարի հետո էլ Արցախը մոռանանք, որ 100 տարի հետո էլ Երևանը «Իրևան» լինի, միայն նրա համար, որ մարդիկ իրենց տունը ու սեփականությոունը ունենան, կարևոր չէ, թե որ հանրապետությունում կգտնվեն։ Միայն «Իրևանը» թող լիքը ռեստորաններ ու բարեր ունենա, ամեն մարդ ուրախ կլինի»,- ցավով է նկատել Ժպիտ Մելքոնյանը։