Պահանջում եմ չեղարկել 2 մլն դրամ վարկը, որը զեղծարարն իմ անունով է ձևակերպել. Եվգինե Հովսեփյան
13 Մայիսի 2025, 16:30
Զեղծարարության զոհ դարձած Եվգինե Հովսեփյանը պնդում է, որ իր անունով IDBank-ում 2 վարկ է ձևակերպվել, որի ընդհանուր արժեքը 2 մլն դրամ է, վարկերից մեկը ձևակերպվել է 6 ամսով, մյուսը՝ մինչև 2027թ., 24%-ով: Վարկն ըստ Եվգինեի՝ ձևակերպվել է 2024-ի դեկտեմբերի 1-ին:
«Մի քանի օր անց ես gmail-ով նամակ ստացա, որ իմ անունով վարկ է ձևակերպվել: 550 000 դրամ արժեցողը Rocket Line վարկ է, դա օնլայն գնումների համար է, եթե բանկը բացում է վարկային գիծ, բայց քաղաքացին չի օգտագործում այն, ինչո՞ւ է դա ձևակերպվում որպես վարկ: Ինչո՞ւ պատշաճ վերահսկողություն չի սահմանվում և զեղծարարը վարկ է ձևակերպում բանկում գործող ամենաբարձր տոկոսադրույքով»,- պատմեց Եվգինե Հովսեփյանը:
Նա հավելեց, որ ինքը List.am-ով հագուստ է վաճառել, որի ընթացքում տրամադրել է բանկային քարտի 16 նիշանոց համարը, որից հետո WhatsApp-ին հաղորդագրությւոն է ստացել, որ գումարը վճարված է և «Մեյջոր Էքսպրես»-ի միջոցով առաքիչը կգա ու ապրանքը կվերցնի:
«Ինձ նույնիսկ կտրոնն ուղարկեցին, որ վճարումն արված է: Մտա մոբայլ հավելված ու տեսա, որ գումարը չկա, հետո ինձ նամակ եկավ, որտեղ ինձ շնորհավորում էին, որ իմ անունով վարկ է ձևակերպվել»,- պատմեց Եվգինե Հովսեփյանը:
Նա պահանջում է, որ չեղարկվի իր նկատմամբ վարկային պահանջները: Այս դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քննչական կոմիտեում: Վարկն ըստ Եվգինեի՝ սառեցված չէ:
Հիշեցնենք՝ բանկային զեղծարարություններից տուժած անձինք այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Կենտրոնական բանկի դիմաց: Նրանք հայտարարեցին, թե ԿԲ նախագահի այն պնդումը, թե զեղծարարության զոհ դարձած քաղաքացիների վարկերը սառեցված են, իրականությանը չի համապատասխանում: «Հանրային վերահսկողություն» ՀԿ ղեկավար Մհեր Կարագոզյանը չբացառեց, որ ԿԲ նախագահը այդ հայտարարությամբ փորձում է ապակողմնորոշել հասարակությանը:
Մանրամասները՝ տեսանյութում