Փաշազադեն թող հիշի Ամենայն Հայոց Կաթողիկոսների հետ հանդիպումների ժամանակ իր ստորագրած հայտարարությունները․ Տեր Շահե Անանյան

Չեմ կարծում, որ այսպիսի հայտարարություններով խաղաղության ենք գնում։ Alpha News-ի եթերում ասել է Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանն՝ անդրադառնալով Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հայտարարությանը, թե, իբր, «Երևանի ղազիաթի գործունեությունը դադարեցվել է ադրբեջանցիների արտաքսման պատճառով»։

«Փաշազադեն այաթոլլահ չէ և առանձին ուղերձ հղելու իրավունք չունի։ Եթե համապատասխան մասնագետների դիմենք, կհասկանանք, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում պետք է գրանցվի համապատասխան կրոնական կազմակերպություն, և, եթե ղազիաթ է ստեղծվում, ուրեմն պետք է դատի Փաշազադեի ներկայացուցիչը։ Սա անհասկանալի իրավիճակ է ստեղծում թե՛ կրոնական, թե՛ աշխարհաքաղաքական առումով»,-ասել է նա։

Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի խոսքով՝ լավ կլինի, որ Փաշազադեն վերհիշի, թե երբ և ինչ պայմանագրով է այն ստեղծվել։

«Եթե կրոնական տեսանկյունից նայենք՝ ղազիաթն արհեստածին երևույթ է։ Խորհուրդ կտայի Փաշազադեին, որը խրոխտ-խրոխտ խոսում է, հիշել 1993 թվականից մինչև 2020-2021 թվականներին Ամենայն Հայոց Կաթողիկոսների հետ հանդիպումների ժամանակ իր ստորագրած հայտարարություններն ու հրապարակած մամուլի հաղորդագրությունները, որոնցում հստակ նշված է, որ Ղարաբաղյան հակամարտությունը կրոնական բնույթ չունի»,-հավելել է Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։