Փաշինյանն ասում էր՝ իզմեր չունի. այդ ինչպես դարձավ «դաշնակցական». Նժդեհ Գարագավորյան

12 Փետրվարի 2025, 22:40

Քաղաքականություն

Ֆրանսիայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ-ի բոլոր կուսակցությունները գործել են Հայ Հեղափոխական Դաշնակցության գաղափարախոսության ներքո:

«Եկել եմ մի եզրակացության, որ Հայաստանի 3-րդ հանրապետության հիմնադրման առաջին օրից մենք չենք նկատել, որ ՀՀ-ում կար ընդամենը 1 կուսակցություն, դա ՀՅԴ-ն էր, իրականում եղել է մեկ կուսակցության գաղափարախոսություն: ՀՀՇ-ին թվացել է, որ իրենք ավելի լավ դաշնակցական են, քան իսկական դաշնակցականները: ՔՊ-ին թվացել է, որ մենք ավելի լավ դաշնակցական ենք, քան՝ իսկական դաշնակցականները»,- ասել է Փաշինյանը:

Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Նժդեհ Գարագավորյանի հետ:

«Երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է, մենք այն տպավորությունն ենք ստանում, որ Ալիևն է խոսում: Այն եզրույթները, որ նա օգտագործում է, ոչ մի կերպ չեն տարբերվում Ալիևի հայտարարություններից: Այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս կանաչ լույս է վառում թշնամիների համար, որ հարձակվեն Հայաստանի վրա, որ ինքը կրկին գնա այլ զիջումների: Մենք ամբողջությամբ, կտրականապես մերժում ենք որևէ նմանություն հատկապես ՔՊ-ի հետ, որն ամբողջովին հակազգային, հակահայ քաղաքական կառույց է, որտեղ իրենք մոլորված են կեղծ, շինծու, շատ անգամ թունավոր գաղափարական հոսանքներով: Ինքն էր ասում, չէ՞, որ իզմեր չունի: Հիմա ինքը դարձավ դաշնակցակա՞ն»,- ասել է մեր զրուցակիցը:

Ըստ նրա՝ դաշնակցական լինել չի նշանակում խոսույթում օգտագործել Արարատ ու Արցախ բառերը:

«Դաշնակցական լինելն այդքան հեշտ բան չէ, ռոմանտիկ կենացներ ասելով չէ, Արարատ ու Արցախ բառերն օգտագործելով չէ: Դաշնակցական լինելը, Դաշնակցության մասին խոսելը նշանակում է աշխատանքի ճանապարհին արյուն, քրտինք ու արցունք իրար խառնել»,- նկատել է Նժդեհ Գարագավորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: