Փաշինյանը պատրաստ է զիջել նույնիսկ այն, ինչ Ադրբեջանը չի պահանջում․ Սասունյան
27 Նոյեմբերի 2026, 23:35
Նիկոլ Փաշինյանն այնքան մեծ թվով զիջումների է գնացել Ադրբեջանի և Թուրքիայի առաջ, որ նույնիսկ այն դեպքերում, երբ Բաքուն որևէ պահանջ չի ներկայացնում, նա պատրաստ է ինքնակամ զիջումների գնալ։ Այս մասին Alpha News-ի տաղավարում ասել է «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանն՝ անդրադառնալով Հայաստանում սահմանադրական փոփոխություններին։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հետևողականորեն զիջումների է գնում Ադրբեջանի և Թուրքիայի առաջ՝ ընդառաջելով անգամ այն պահանջներին, որոնք իրականում չեն ներկայացվել հայկական կողմին։
«Ես վստահ եմ, որ Ալիևը չի պահանջել արցախահայերի անձնագրերում չնշել «Արցախ»։ Նման բան չեմ լսել։ Բայց Փաշինյանը նույնիսկ առանց որևէ պահանջի պատրաստ է զիջումների գնալ։ Այսինքն՝ երբ պահանջ են ներկայացնում, նա ոչ միայն 100 տոկոսով կատարում է այն, այլև, երբ ոչինչ չեն պահանջում, ինքնակամ զիջում է 200 տոկոսով»,-ընդգծել է Սասունյանը։