Փաշինյանը քայլում է շատ բարակ սառույցի վրայով․ Տիմոֆեյ Երմակով

Ռուս լրագրող և զինվորական թղթակից Տիմոֆեյ Երմակովը Alpha News-ի հետ զրույցում պատմել է Հաղթանակի 80-ամյակի ֆոնին ռուս-հայկական հարաբերությունների վերաբերյալ իր տեսլականի մասին:

«Հայրենական մեծ պատերազմում նացիզմի, ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի հիշողությունը պետք է տարիներ շարունակ մնա ոչ միայն մեր սրտերում, այլ նաև մեր մտքերում, քանի որ միտքն այժմ ենթակա է տարբեր հարձակումների տեղեկատվական, հիբրիդային, ճանաչողական պատերազմում»,- կարծում է Երմակովը:

Նրա խոսքով՝ Հայաստանի ղեկավարությունը պետք է փոխի Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների մարտավարությունը և օգտվի ՌԴ զինված ուժերի փորձից՝ սեփական բանակը զարգացնելու համար:

«Նախ, Հայաստանի կառավարությունը պետք է սովորի ճիշտ հարաբերություններ ունենալ իր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ, և չանել այն, ինչ այժմ անում է։ Բայց, ինչպես հասկանում եմ, այդ մարդիկ ի վիճակի չեն դա անել: Ուստի, ամենայն հավանականությամբ, այդ մարդիկ պարզապես չպետք է լինեն իշխանության ղեկին: Պարզապես դրանով պետք է զբաղվեն այլ մարդիկ, քանի որ այնպես է ստացվել, որ միայն Ռուսաստանն է ՀԱՊԿ-ում ռազմական դաշինքի մեջ Հայաստանի հետ, այն գործընկերը, որը կարող է սովորեցնել Հայաստանի բանակին: Մենք հիմա Եվրասիա մայրցամաքի ամենամարտունակ բանակն ենք։ Զինել բանակը, նախապատրաստել, ոչ թե պարզապես ինչ-որ օպերատիվ-մարտավարական մակարդակով, այլ ընդհանրապես բոլոր տեսակի զինատեսակներով, բոլոր տեսակի մարտավարությամբ ու ռազմավարությամբ»,- նշել է լրագրողը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 9-ի զորահանդեսին մասնակցության համար Մոսկվա կատարած այցին՝ Alpha News-ի զրուցակիցն ասել է, որ Հայաստանի ղեկավարն անվստահելի է հայ-ռուսական համագործակցության վերաբերյալ իր մոտեցումներում:

«Փաշինյանը վաղուց արդեն շատ վտանգավոր խաղ է խաղում և շատ բարակ սառույցի վրայով է քայլում։ Եվ ահա, երբ այդ սառույցը կոտրվի, անհասկանալի է, թե ինչ է սպասվելու Փաշինյանին: Դրա համար էլ հիմա Փաշինյանի՝ Մոսկվա ժամանելու փաստով ես դեռ չէի խոսի ինչ-որ ջերմացման կամ մեզ հետ հարաբերություններ հաստատելու ինչ-որ ձգտման մասին, քանի որ անհասկանալի է, թե նա հաջորդ պահին ինչ է հայտարարելու»,- ասել է նա:

Երմակովի խոսքով՝ Ռուսաստանն իր ուշադրության կիզակետը որոշ ժամանակով փոխել է ուկրաինական ուղու վրա, և ուկրաինական հակամարտության ավարտից հետո լիարժեք կվերադառնա Հարավային Կովկաս:

«Հատուկ գործողության հաղթանակը, հաջող ավարտը, ընդհանրապես, կվերափոխի աշխարհաքաղաքական ասպարեզում դասավորվածությունն աշխարհում, և, բնականաբար, Ռուսաստանի ազդեցության ավանդական տարածաշրջաններում՝ հետխորհրդային տարածքում։ Քանի դեռ գործն ավարտին չենք հասցրել, հնարավորություն չունենք հիմնովին անցնելու Անդրկովկասին և նույնիսկ Մերձավոր Արևելքին: Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ երկու ճակատով լուրջ պատերազմել մենք չենք կարող, և ոչ ոք չի կարող»,-հավելել է Երմակովը:

«Իմ ամենամեծ ցանկությունն աշխարհաքաղաքական է, որպեսզի մենք Հայաստանը վերածենք «ռուսական Իսրայելի», «հայ-ռուսական Իսրայելի»՝ հզոր բանակով, հզոր տնտեսությամբ, մոտիվացված զինվորներով և ընդհանրապես մոտիվացված մարդկանցով, որոնք զգում են Ռուսաստանի աջակցությունը։ Մենք կարող ենք շատ բան անել, մենք, չեմ վախենա ասել, գերտերություն ենք, կայսրություն, որը կարող է մեծ հաջողությունների հասնել: Այդպես մենք կարող ենք նաև ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը, որն այդքան անհրաժեշտ է նրան հիմա։ Որովհետև փաշինյանական կառավարության գործողություններն արդեն տանում են բացարձակ աղետալի իրավիճակների, որոնցից պետք է համատեղ դուրս գալ»,-ամփոփել է Տիմոֆեյ Երմակովը: