Փաշինյանը ընտանիքի հետ թող գա Ոսկեպարի իմ տանն ապրի, տեսնեմ՝ թուրքի հետ ոնց են ապրելու. Անահիտ Ալավերդյան

03 Ապրիլի 2024, 22:00

Կարծիք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 18-ին Ոսկեպար այցից հետո, գյուղում անորոշ վիճակ է: Մարդիկ սպասում են իշխանությունների որոշմանը՝ հուսով, որ 4 գյուղերը չեն զիջվի հակառակորդին՝ Ադրբեջանին: Հակառակ դեպքում Ոսկեպարը կհայտնվի թշնամու նշանառության տակ:

Ոսկեպարցի Անահիտ Ալավերդյանի ամուսինը զոհվել է 1993 թվականին՝ ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով: 31 տարի անց՝ 2024-ին, Փաշինյանի՝ գյուղ այցից հետո, տիկին Անահիտը վերապրում է իր կյանքի ամենադաժան օրերը:

«Ես 4 անչափահաս երեխա եմ մեծացրել, բայց կռիվ չի եղել, իհարկե, թուրքերը էլի կրակել են, բայց ապրել ենք: Հիմա, երբ նոր ուզում եմ հանգիստ ապրեմ, լսում ենք հնարավոր զիջման ու կռվի մասին: Թուրքը գալու է Ոսկեպարի գլխին նիստի, ես իմ թոռանը ո՞նց պահեմ: Հողամաս չեմ կարողանալու գնալ, եթե գնամ, ինձ մեռած են հետ բերելու:

Նիկոլ Փաշինյանը թող իր կնոջ, երեխաների հետ գա իմ տանն ապրի, ես իմ տունն իրենց եմ տալիս, ես էլ կգնամ իրենց տուն: Տեսնեմ՝ քանի օր իմ տանը կապրեն, եթե կապրեն, ուրեմն ես էլ կապրեմ իմ հարեւանի տանը, տեսնեմ՝ ոնց են թուրքի հետ ապրելու: Մարդկանց ցուցակ կա, որ թուրքերը գան էդ մարդկանց հետ հաշվեհարդար տեսնեն, ստեղ ապրելը ո՞նց կլինի, կամ մենք ենք մեռնելու, կամ՝ իրենք: Թուրքը կանգ չի առնելու, հաջորդը Կիրովականը, Երեւանն են լինելու»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Ոսկեպարի բնակչուհին:

Հիշեցնենք՝ Փաշինյանը մարտի 18-ին այցելել էր Տավուշի մարզի Ոսկեպար, Բաղանիս եւ Կիրանց գյուղեր եւ բնակիչների հետ զրույցում ասել, որ սահմանազատման եւ սահմանագծման իրական գործընթացը կարող են սկսել Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում, որի տարածքով են անցնում Ադրբեջանի պահանջած գյուղերը: Դրանք են՝ Ներքին Ոսկեպարը, Բաղանիս Այրումը, Խեյրիմլիին եւ Ղըզըլհաջիլիին: Այս գյուղերը անմարդաբնակ են եւ գտնվում են Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի մարտական դիրքերի միջեւ:

Մանրամասները՝ տեսանյութում: