Փայլուն տնտեսագետ և տաղանդավոր պրոդյուսեր․ Ալեն Թերզյան
02 Մայիսի 2026, 22:16
Ֆրանսահայ կինոգործիչ Ալեն Թերզյանը ծնվել է 1949 թվականի մայիսի 2-ին Փարիզում։ Նրա նախնիները Ֆրանսիա են տեղափոխվել 1923 թվականին։ Հայրը մեծ հաջողությունների է հասել տեքստիլ բիզնեսում, իսկ մայրն ավելի քան քառասուն տարի դասավանդել է ֆրանսերեն։ Ալենը կրթություն է ստացել Մոնտենի լիցեյում, Լյուդովիկոս Մեծի լիցեյում, Պանթեոն-Ասսաս համալսարանում և Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտում։ Արդեն 22 տարեկանում նա դասավանդում էր Շևինիի դպրոցում։
Մի քանի տարի անց նա տնտեսագիտության վերաբերյալ դասախոսություններ է կարդացել Սորբոնի համալսարանում և պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ Որոշ ժամանակ շարունակել է դասավանդել՝ ազատ ժամանակ ներգրավվելով կինոարտադրության ոլորտում։ Շուտով կինոռեժիսոր, սցենարիստ Կլոդ Լելուշը նրան վերցրել է որպես օգնական, և աշխատել է որպես վարորդ Կլաուդիա Կարդինալեի և Մարչելո Մաստրոյանիի համար։ Այդ շրջանում Թերզյանը ծանոթացել է ֆրանսիական կինոյի բազմաթիվ աստղերի հետ։
Սակայն նրա համար ճակատագրական է եղել ռուսական ծագում ունեցող լեգենդար ֆրանսիացի կինոպրոդյուսեր Ալեքսանդր Մնուշկինի հետ ծանոթությունը, ով եղել է այնպիսի հայտնի ֆիլմերի պրոդյուսերը, ինչպիսիք են «Ֆանֆան վարդակակաչ»-ը, «Տաղտկալի մարդը», «Հիանալին», «Պրոֆեսիոնալը»։
Այդ ժամանակ Թերզյանը վերջնական ընտրություն է կատարում՝ որոշելով դառնալ կինոպրոդյուսեր։
«Ես վստահ չէի, որ կարող եմ լավ ռեժիսոր դառնալ, և սկսեցի մտածել ավելի պրագմատիկ մասնագիտության մասին, որը կհամապատասխաներ իմ բնավորությանն ու մտածելակերպին», — տարիներ անց ասել է նա։
Ալեն Թերզյանին մեծ ճանաչում է բերել «Հրեշտակի և սատանայի միջև» և «Եկվորները» ֆիլմերը (վերջինս միայն Ֆրանսիայում դիտել է ավելի քան 14 միլիոն մարդ)։ Իր պրոդյուսերական գործունեության ընթացքում նա հասցրել է նկարահանել շուրջ 50 ֆիլմ, ինչպես նաև ինքն է նկարահանվել մի շարք կինոնկարներում։
2009 թվականին Շառլ Ազնավուրի հետ նա մասնակցել է Փարիզի կենտրոնում գտնվող Երևանի այգու բացման արարողությանը։
Ներկայում Թերզյանը Կաննի կինոփառատոնի ղեկավարներից է, Ֆրանսիայի պրոդյուսերների միության նախագահը, ինչպես նաև ֆրանսիական «Սեզար» կինոակադեմիայի նախագահը։ Նա նաև «Alter Films» պրոդյուսերական ընկերության գլխավոր տնօրենն է։
Թերզյանը Պատվո լեգեոնի շքանշանի սպա է, Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդոր, Ազգային արժեքների շքանշանի սպա, Արվեստների և գրականության շքանշանի ասպետ, ինչպես նաև Պատվո շքանշանի ասպետ։ Նա պարգևատրվել է նաև Փարիզ քաղաքի մեդալով։