Պետությունից որևէ աջակցություն չկա․ գյուղատնտեսը՝ մթերման և իրացման խնդիրների մասին

Բերքն իրացնելը դժվարացել է, և ստիպված ենք այն վաճառել ցածր գներով։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է գյուղատնտեսներից մեկը։

«Պետությունից որևէ աջակցություն չկա, իսկ գործարաններից, որոնք խոստացել էին ընդունել մթերքը, մինչ օրս ոչ մի լուր չունենք»,- պատմել է մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ սեփական ուժերով արտահանման խնդիրը լուծելն անհնար է։

«Ո՞նց կարող եմ ինքնուրույն ապրանքը Եվրոպա հասցնել․ դա մեծ ծախսերի հետ է կապված։ Բացի այդ՝ օտար լեզուների չեմ տիրապետում։ Անցյալ տարի հիմնականում արտահանել ենք ջերմոցային լոլիկ ու վարունգ, իսկ բաց դաշտի բանջարեղենի արտահանման մասին վերջին շրջանում ոչինչ չի ասվում։ Խոսվում էր, թե Ֆրանսիա ծիրան է արտահանվել, բայց թե ինչ ծավալներով՝ տեղյակ չենք։ Դա էլ վերաբերում է հիմնականում մրգատու այգիներ ունեցողներին»,- նշել է նա՝ հավելելով, որ շուկան այժմ գերհագեցած է, իսկ վաճառքը գրեթե կանգ է առել։