Աշխարհը՝ նոր ճգնաժամի առա՞ջ
09 Ապրիլի 2025, 23:30
Օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է «հայելային» մաքսատուրքերի մասին՝ պնդելով, որ Միացյալ Նահանգների հետ առևտուր անող երկրները պետք է վճարեն այնքան մաքսատուրք, որքան իրենք են սահմանել։ Այս հայտարարությունից հետո ամերիկյան և ասիական շուկաներում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես՝ անկումներն, արդեն իսկ համեմատվում են 2008թ-ի ճգնաժամի հետ։ Խոսքն ինդեքսների՝ հինգ տարվա կտրվածքով ռեկորդային անկումների մասին է։ Այսպես կոչված «արջի միտումը» իրավիճակ է, երբ արժեթղթերի համատարած վաճառք են իրականացնում, քանի դեռ դրանց արժեքները շատ չեն ընկել։
Ամերիկյան ինդեքսների՝ օրեր շարունակ անկումները կազմել են 3-6 %, գրանցվել է խոշոր կազմակերպությունների կապիտալիզացիայի անկում՝ շուրջ 2,5 տրլն դոլարի։
Անկումային են նաև ասիական ինդեքսները, որոնց պարագայում անկումները համեմատվում են 2008․-ի ֆինանսատնտեսական ժգնաժամի ցուցանիշների հետ։
Նվազել է նաև նավթի գինը՝ մեկ շաբաթվա ընթացքում շուրջ 10%-ի սահմաններում։
Կրիպտոարժույթի շուկան ևս բացասական է արձագանքել․ առաջատարը համարվող բիթքոինը տարեսկզբի համեմատ կորցրել է արժեքի 18%-ը։
Շուկաների նման արձագանքները շատ սպասելի են, այսօր առավել քան՝ հիմնավորված։ Պատճառը՝ համաշխարհային տնտեսությանը սպասվող ռեցեսիայի, 2008թ-ի ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ համեմատական գնահատականներն ու կանխատեսումներն են։
Բնական է, որ նման զարգացումների պարագայում մեզ մոտ հետևանքներ կլինեն․ առնվազն՝ գնաճի նոր ալիքի տեսքով։ Միաժամանակ ցանկացած ճգնաժամ նաև որոշակի հնարավորությունների «պատուհան» է ստեղծում, օրինակ՝ առևտրային նոր լոգիստիկ վերադասավորումների, ինչից օգտվելու փորձը մենք ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո ունեցանք։ Այլ հարց է, թե որքանով օգտվեցինք և կապիտալիզացրեցինք այդ հնարավորությունը։