Բայդենի հետ ստորագրեցին, իսկ Թրամփը նույնիսկ չհրավիրեց երդմնակալությանը
22 Հունվարի 2025, 11:00
(ԱՄՆ նախագահի երդմնակալությունից առաջին հետևությունները)
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Դոնալդ Թրամփի հերթական երդմնակալությունը տեղի ունեցավ հունվարի 20-ին: 1985 թվականից ի վեր առաջին անգամ Վաշինգտոնում ցածր ջերմաստիճանների պատճառով ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ փակ տարածքում՝ Կապիտոլիումի ռոտոնդայում:
Դոնալդ Թրամփն, ինչպես խոստացել էր, երդմնակալությունից անմիջապես հետո ստորագրեց բազմաթիվ հրամանագրեր: Նշենք միայն մի քանիսը.
Ա. ԱՄՆ-ը դուրս եկավ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից և Փարիզյան կլիմայի համաձայնագրից,
Բ. ԱՄՆ քաղաքացիություն ստանալու իրավունքը սահմանափակվեց,
Գ. Մեքսիկայի ծոցը Ամերիկյան ծոց վերանվանելու գործընթացի մեկնարկ,
Դ. Արտակարգ իրավիճակի ռեժիմի սահմանում ԱՄՆ հարավային սահմանին՝ անօրինական ներգաղթյալների հոսքը դադարեցնելու նպատակով,
Ե. Բայդենի վարչակազմի պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկել գաղտնի տեղեկատվության անօրինական արտահոսքերի համար,
Զ. TikTok-ի վերաբերյալ գործադիր հրամանագիր, որի համաձայն՝ սոցիալական ցանցի կեսը պետք է պատկանի ամերիկյան ընկերությանը,
Է. ԱՄՆ-ի կողմից այլ երկրներին օգնության 90-օրյա դադարեցում:
Նշենք նաև, որ առաջին անգամ միջոցառմանը հրավիրված էին ոչ միայն օտարերկրյա դիվանագետներ, այլև այլ երկրների առաջնորդներ և քաղաքական գործիչներ: Արարողությանը հրավիրված էին ամբողջ աշխարհից «աջ» քաղաքական գործիչներ՝ Իտալիայի և Հունգարիայի վարչապետներ Ջորջա Մելոնին և Վիկտոր Օրբանը, Արգենտինայի և Սալվադորի նախագահներ Խավիեր Միլեյն և Նաիբ Բուկելեն, բրիտանացի քաղաքական գործիչ Նայջել Ֆարաժը, ֆրանսիացի հայտնի գրող Էրիկ Զեմուրը, բելգիացի բելգիական Vlaams Belang կուսակցության առաջնորդ Թոմ Վան Գրիկենը, Լեհաստանի նախկին վարչապետ Մատեուշ Մորավեցկին, Բրազիլիայի նախկին նախագահ Ջաիր Բոլսոնարուն: Հրավիրված հյուրերի թվում էր նաև Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Ինչպես տեսնում եք, հյուրերի ցանկում Նիկոլ Փաշինյանի անունը չկա: Փաշինյանի անունը բացակայում է, քանի որ նա, ինչպես Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հրավեր չի ստացել Թրամփի վարչակազմից:
Փաստորեն, չնայած իշխանությունների քարոզչությանը՝ վերջերս ստորագրված հայ-ամերիկյան խարտիայի վերաբերյալ, Վաշինգտոնում նպատակահարմար չեն համարել հրավիրել Նիկոլ Փաշինյանին: Եվ դրա համար կարող են լինել մի քանի պատճառներ. Թրամփի թիմը չի մոռացել, որ նախընտրական պայքարի ընթացքում Փաշինյանը «քաղաքական խաղադրույք էր կատարել» դեմոկրատ թեկնածու Քամալա Հարրիսի հաղթանակի վրա, ինչպես նաև այն, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը Թրամփը չի համարել և չի համարում առաջնահերթ ուղղություն Վաշինգտոնի համար (նույնիսկ Իրանի նկատմամբ հնարավոր ճնշման համատեքստում):
Կարևոր է հասկանալ և այն, որ հրավերը երդմնակալության արարողությանը որոշակիորեն անվտանգության և անձեռնմխելիության երաշխիք է Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի կողմից: Սալոմե Զուրաբիշվիլին այն ունի, ուստի Վրաստանի նախկին նախագահը եղել է հրավիրված հյուրերի թվում: Նիկոլ Փաշինյանը հրավիրվածների մեջ չէր, ինչը նշանակում է, որ նա նման երաշխիքներ չունի: Դրանք չեն եղել նաև նախկին վարչակազմից…
Մտածե՛ք այդ մասին…»։