Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Հակոբ Բադալյան | 2024. ի՞նչ է լինելու | ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ

03 Փետրվարի 2024, 22:00

«Սյունիքով անցնող ճանապարհների համար կա աշխարհաքաղաքական մրցակցություն. Ռուսաստանն ու Իրանը մի ռեժիմի կողմնակից են, որոշ արևմտյան խաղացողներ այլ տեսակետներ ունեն, իսկ այդ պատկերացումներում առանցքային տեղ է զբաղեցնում Ռուսաստանի և Իրանի միջև պատնեշի կառուցումը»։

Ի՞նչ զարգացումներ կլինեն 2024-ին Արցախի շուրջ, հնարավո՞ր է արդյոք հայերի վերադարձն իրենց ծննդավայր, ո՞ր ուղղությամբ է գնում Հայաստանը, կկնքվի՞ արդյոք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, ի՞նչ փոփոխություններ կլինեն աշխարհում և ինչպիսի՞ն է լինելու նոր աշխարհակարգը:

Այս և այլ հարցերի մասին Alpha News-ը «2024. ի՞նչ է լինելու» հաղորդաշարի շրջանակում զրուցել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ:

Նրա խոսքով՝ Արցախի հարցում այս տարի շրջադարձային իրադարձությունների սպասել պետք չէ։

«Հասկանալի է, որ հայերը պետք է վերադառնան այնտեղ, որտեղ Ադրբեջանը պայմանական իմաստով չկա։ Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես հայերը կկարողանան վերադառնալ Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող Արցախ։ Բայց մենք պարտավոր ենք ակտիվ պահել այս հարցը, ընդլայնել մեր ներուժն այդ առումով, մինչև որ ի հայտ գան տարբեր հնարավորություններ կամ մինչև մենք կնպաստենք դրանց ձևավորմանը»,- ասաց Հակոբ Բադալյանը:

Քաղաքական մեկնաբանը չի բացառում, որ այս տարի Հայաստանի ու Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր, սակայն, կարծում է, որ այդ պայմանագիրն արդյունավետ չի լինի: Հակոբ Բադալյանը նաև հավանական չի համարում, որ թուրք-ադրբեջանական տանդեմը «Զանգեզուրի միջանցք» կստանա:

«Այն միջանցքը, որը նրանք պատկերացնում են, գործնականում անհնար է մի շարք պատճառներով, օրինակ՝ դրան դեմ են Ռուսաստանն ու Իրանը, իսկ սա բավարար ներուժ է, որպեսզի այն իրականություն չդառնա: Մյուս կողմից՝ Սյունիքով անցնող ճանապարհների համար կա աշխարհաքաղաքական մրցակցություն. Ռուսաստանն ու Իրանը մի ռեժիմի կողմնակից են, որոշ արևմտյան խաղացողներ դրա վերաբերյալ այլ պատկերացումներ ունեն, և այդ պատկերացումներում առանցքային տեղ է զբաղեցնում Ռուսաստանի և Իրանի միջև պատնեշի կառուցումը, իսկ Թուրքիան փորձում է խաղալ այդ ամենի վրա ու շահավետ համաձայնությունների գալ թե՛ Արևմուտքում, թե՛ Ռուսաստանում»,- նշեց Բադալյանը:

Քաղաքական մեկնաբանի խոսքով՝ նոր աշխարհակարգում փոխվել է ուժերի հավասարակշռությունը։ Թեև Միացյալ Նահանգները շարունակում է մնալ գերտերություն, այնուամենայնիվ, ըստ Բադալյանի, այլ տերությունների մոտ ևս աճել են հավակնությունները:

«Պետք է հաշվի նստել այդ փաստի հետ, բայց այդ պրոցեսը բարդ է, դա տեղի է ունենում բախումների, պատերազմների միջոցով»,- ընդգծեց Բադալյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: