Ինչու՞ են փոշմանել միջազգային կառույցները. նվազեցվում են ՀՀ տնտեսական աճի կանխատեսումները
14 Մայիսի 2025, 18:07
Ինչո՞ւ են փոշմանել միջազգային կառույցները. նվազեցվում են ՀՀ տնտեսական աճի կանխատեսումները
Աննախադեպ աճից նվազող կանխատեսում. Ինչո՞ւ են փոշմանել միջազգային կառույցները: Խոսքը միջազգային գործընկեր-կառույցների մասին է, որոնք պարբերաբար Հայաստանի տնտեսության վերաբերյալ հանդես են գալիս զեկույցներով, վերջին շրջանում, առնվազն մի քանիսը վերանայել են ՀՀ տնտեսական աճի մասին իրենց կանխատեսումները:
Մասնավորապես, վերանայել են՝ նվազեցնելով (տե՛ս նկար 1):
Նկար 1.
Հիշեցնենք՝ բյուջեի հիմքում 2025թ-ի համար 5,1 % տնտեսական աճն է: Արժույթի միջազգային հիմնադրամը վերջերս վերանայեց իր նախկին կանխատեսումը՝ 4,9%-ից նվազեցնելով 4,4 %-ի: Նույն կերպ Ասիական զարգացման բանկը՝ 6%-ից 5 %-ի, Համաշխարհային բանկը՝ 5 %-ից 4 %-ի: Վերակառուցման և Զարգացման եվրոպական բանկն անփոփոխ թողեց կանխատեսումը (5%), սակայն ընդգծեց բազմաթիվ ռիսկեր:
Սոցիալական լարվածության և գործազրկության աճ. 2025թ-ի Հայաստանն՝ Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետների աչքերով: ԱՄՀ-ի փորձագետների կանխատեսմամբ՝ տարբեր կողմերից սոցիալական ճնշումներ կլինեն, այդ թվում՝ գործազրկության աճ: Հիշեցնենք, որ 2024թ-ին գործազրկության մարդակը 13 % էր: Կառույցի փորձագետները 2025թ-ին կանխատեսում են դրա արագացում՝ 13,5%, իսկ 2026թ-ին՝ 14 %: Այս կանխատեսումը հատկանշական է իշխանությունների կողմից անընդհատ շրջանառվող աննախադեպ թվով նոր աշխատատեղերի բացման վերաբերյալ քարոզչության ֆոնին:
Փաստացի, ՀՀ տնտեսական փուչիկը պայթում է. ի՞նչ են արձանագրում գործընկեր կառույցները:
Արձանագրում են ոչ միայն անորոշություններ, անկայունություն, տարատեսակ ռիսկեր, այլև՝ թանկացումներ և արտաքին ազդեցությունների չեղարկում: Թանկացումների արագացում՝ 2024թ-ի փաստացի գնաճի համեմատ, կանխատեսում են նշված բոլոր կառույցները (տե՛ս նկար 1):
Մյուս կողմից, բոլորի մոտ կա համընդհանուր գնահատական՝ արտաքին գործոնները չեղարկվում/ թուլանում են:
Այդ գործոններից, առնվազն 2024թ-ի ընթացքում, ամենամեծ ազդեցությունն արտաքին առևտրաշրջանառության մեջ դրսևորվեց՝ ոսկու, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի վերաարտահանման ներքո: Այսօր արդեն երբեմնի աննախադեպ արտաքին առևտրաշրջանառությունը նույնքան աննախադեպ անկման ներքո. ո՞րն է պատճառը:
Իսկ պատճառը փաստարկված ներկայացնենք մի քանի տվյալի համադրությամբ (տե՛ս նկար 2):
Տեսե՛ք, այս տարվա առաջին եռամսյակում արտաքին առևտրաշրջանառությունը -54,2 %-ով անկում է ապրել: Ընդ որում, անկումային է թե՛ արտահանումը, թե՛ ներմուծումը: Միաժամանակ խոշոր անկում ունենք հենց թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր ապրանքախմբում. արտահանումը՝ — 83.9 %, ներմուծումը՝ — 86.2 %: Պատահական չէ նաև, որ այս ֆոնին ՌԴ-ից ներմուծումն է կրճատվել -74,9 %-ով, իսկ ահա արտահանումը դեպի ԱՄԷ և Չինաստան՝ համապատասխանաբար — 79,5 % և -80,3 % նվազել է: Ստացվում է, որ ՌԴ-ից դեպի Հայաստան ներմուծվող և ապա նշված երկու ուղղություններ վերաարտահանվող թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի հոսքերի դադարեցումն է հանգեցրել արտաքին առևտրի կտրուկ անկման:
Փաստացի. արտաքին առևտրի խոստացված դիվերսիֆիկացիան գեղեցիկ հնչող, բայց դատարկ կենաց էր, քանզի միայն մեկ ուղղությունից նման զարգացման այսօրինակ բացասական հետևանքները կապ չունեն արտաքին առևտրի դիվերսիֆիկացիայի հետ: