Մակրոնը կրկին ակտիվ է՝ այս անգամ ի՞նչ են կորցնելու Հայաստանն ու հայ ժողովուրդը
23 Փետրվարի 2024, 14:44
(Ի՞նչ սպասել Փաշինյանի Փարիզ կատարած հերթական այցից հետո)
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ Ելիսեյան պալատում ընդունել է Նիկոլ Փաշինյանին։ Հանդիպումից առաջ երկու երկրների ղեկավարները մամուլի համար հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան կշարունակի աջակցել Հայաստանին և զենք տրամադրել ՀՀ-ին «պատասխանատվության ոգով և առանց լարվածության սրման ցանկության»։ Ավելին, մանրակրկիտ ուսումնասիրելով հայկական էմոցիոնալության առանձնահատկությունները՝ Մակրոնը նույնիսկ Փաշինյանի հետ հանդիպումից հետո «X»-ի իր միկրոբլոգում հայերենով հայտարարեց Հայաստանին աջակցելու մասին։
Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթում Ֆրանսիայի նախագահը նաև հայտարարեց՝ պաշտոնական Փարիզը ցանկանում է, որ «Կենտրոնական Ասիայի Հարավային Կովկասի և ԵՄ-ի միջև հաղորդակցական կապերը զարգանան»։
Անցյալ տարեվերջին մի շարք փորձագետներ նշել էին, որ Նիգերում իշխանափոխությունից հետո պաշտոնական Նիամեյը դադարեցրել է ուրանի ու ոսկու արտահանումը Ֆրանսիա։ Եվ սա այն իրավիճակում, երբ, ըստ ֆրանսիական լրատվամիջոցների, նիգերիական ուրանը սնուցել է ֆրանսիական ատոմակայաններում էլեկտրաէներգիա արտադրելու համար անհրաժեշտ ուրանի մինչև 17%-ը։
Պաշտոնական Փարիզը սկսեց փնտրել նիգերական ուրանի այլընտրանքներ և, ըստ երևույթին, գտավ այն Կենտրոնական Ասիայում: 2023 թվականի նոյեմբերին Մակրոնը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել են ռազմավարական հռչակագիր՝ օգտակար հանածոների ոլորտում համագործակցության մասին, որը ներառում է նաև ուրան։ Ահա թե ինչու Փարիզին անհրաժեշտ է հաղորդակցական կապ Հարավային Կովկասի և ԵՄ-ի միջև: Սա հետաքրքիր դրվագ է այն թեմայի շուրջ, թե իրականում ում է պետք «Զանգեզուրի միջանցքը»։
Ինչ վերաբերում է Մակրոնի «Հայաստանին, նրա տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը աջակցելու» մասին հայտարարություններին, ապա պարզապես հիշենք, որ 2021 թվականի հունիսին, շնորհավորելով Փաշինյանին արտահերթ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, Ֆրանսիայի նախագահը հայտարարեց, որ պաշտոնական Փարիզը «որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող, հավատարիմ է եղել ու կմնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորմանը», բայց ի վերջո ի՞նչ ստացանք։
2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Արցախը Ադրբեջանին ամբողջությամբ հանձնելու «քաղաքական կնքահայրերից» մեկն անձամբ Մակրոնն էր։ Հենց այս պատճառով է, որ մեզ մոտ լեգիտիմ հարց է առաջանում՝ ի՞նչ են կորցնելու Հայաստանն ու հայ ժողովուրդն այս անգամ Մակրոնի ակտիվության ֆոնին։
Ինչ վերաբերում է «ՀՀ իշխանությունների աշխարհաքաղաքական ընտրությանը», արդյոք նրանք ճի՞շտ են անում՝ փորձելով երկրի անվտանգությունը կապել Ֆրանսիայի և նրա ռազմավարական հնարավորությունների հետ։ Ինչո՞ւ ենք մենք տալիս այս հարցը: Մի պարզ պատճառով՝ ամերիկյան Bloomberg-ի տեղեկություններով, ֆրանսիական իշխանությունների համար դժվար է միջոցներ գտնել անգամ Ուկրաինային խոստացված 3 միլիարդ եվրոյի չափով օգնությունը ֆինանսավորելու համար: Պաշտոնական Երևանը վստա՞հ է, որ Ֆրանսիան, որն ունի տնտեսական ու էներգիայի արտադրության հետ կապված խնդիրներն, ի վիճակի է Հայաստանին օգնություն ցուցաբերել հենց այն չափով, ինչը թույլ կտա մեր երկրին խուսափել փլուզումից:
Մտածե՛ք այդ մասին…»։