Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Փաշինյանի ամանորյա նվերն Ադրբեջանին VS Ալիևի ամանորյա «նվերը» Հայաստանին

26 Դեկտեմբերի 2023, 13:02

(Փաշինյանի և Ալիևի 2024 թվականի քաղաքական նախագծերը նույնական են)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։

2023-ի վերջին ծավալվող գործընթացները հստակ ցույց են տալիս, որ 2024 թվականը ոչ պակաս բարդ է լինելու, քան ներկա տարին է, և ևս մեկ անգամ ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ոչ միայն պարբերաբար սինքրոն նույն քայլերն են կատարում (օրինակ՝ նույնաբովանդակ ասուլիսներ, հարցազրույցներ, կամ հայտարարություններ Արցախի Հանրապետության դեմ), բայց, ըստ էության, իրականացնում են նույն քաղաքական նախագիծը։

Անցյալ շաբաթ մենք քննարկեցինք Ադրբեջանի մեկ այլ նոր պահանջը, որը հնչեցվեց Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի կողմից՝ առանց սահմանների սահմանազատման «խաղաղության պայմանագրի» ստորագրում։ Մանրամասն խոսեցինք նաև այն մասին, որ Հայաստանի կողմից Ալիևի այս պահանջի բավարարումը կնշանակի ոչ միայն 2020-2022 թվականներին Հայաստանի կորցրած տարածքները (ավտոճանապարհի Գորիս-Կապան-Ճակատեն հատվածից մինչև Սիսիանի, Վարդենիսի և Ջերմուկի մերձակա տարածքները) կմնան Ադրբեջանի վերահսկողության տակ, այլ նաև, որ այս ձևաչափով «խաղաղության պայմանագրի» ստորագրումը, առանց երկրների միջև հստակ սահմաններ սահմանելու, ազատում է Ադրբեջանի ձեռքերը՝ Հայաստանի դեմ նոր ագրեսիայի համար՝ «պետական սահմանը ճշտելու» պատրվակով»:

Եվ ահա, Նիկոլ Փաշինյանը որոշեց ամանորյա նվեր մատուցել Ադրբեջանին և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի միջոցով հայտարարեց, որ Երևանը պատրաստ է բավարարել պաշտոնական Բաքվի հերթական պահանջը։ Սիմոնյանն անցած ուրբաթ լրագրողների հետ զրույցում ասաց, որ սահմանազատման գործընթացը կարող է տևել տարիներ, ուստի այն կարելի է թողնել «խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո ընկած ժամանակահատվածին։
Իրավիճակի պարադոքսը կայանում է նրանում, որ այս հայտարարության ֆոնին Սիմոնյանը հայտարարեց նաև, որ ոչ ոք չի կարող ստիպել Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությանը որևէ բան անել։ Բոլոր գործընթացները՝ սկսած 2018 թվականից, և վերոնշյալ հայտարարությունը, որը վկայում է Ադրբեջանի և Թուրքիայի հերթական պահանջի բավարարման մասին, վկայում են այն մասին, որ Հայաստանի «ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունը» վաղուց քայլ առ քայլ իրականացնում են Բաքվի ու Անկարայի կողմից պարտադրված հակապետական քայլեր:

«Ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությանը» միայն ՀՀ քաղաքացիները չեն կարող ստիպել գործել օրենքներով, ինչի վկայությունն է այն, որ ժամանակ առ ժամանակ (Վանաձոր, Վեդի, Ալավերդի, Գյումրի և այլն) Փաշինյանի իշխանությունն անտեսում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները, և ամենուր, օգտագործելով «ապաքաղաքական» քայլեր, ձգտում է ՔՊ ներկայացուցչի նշանակել կոնկրետ համայնքի ղեկավարի պաշտոնում։
Եվ եթե մենք պարզել ենք Փաշինյանի նվերը ադրբեջանական ժողովրդին և ամբողջ Ադրբեջանին, ապա ի՞նչ «նվեր» է պատրաստել Իլհամ Ալիևը Հայաստանին և հայ ժողովրդին։ Դեկտեմբերի 26-ին Ադրբեջանի Միլի Մեջլիսը հայտարարություն կընդունի «արևմտյան ադրբեջանցիների «պատմական հայրենիք» վերադարձի» մասին, այլ կերպ ասած՝ հայտարարություն կընդունի այն մասին, որ հարյուր հազարավոր ադրբեջանցիներ մտադիր են վերաբնակեցվել Հայաստանում:

Ալիևն ու Էրդողանը Արցախը ստացել են Նիկոլ Փաշինյանից, Ալեն Սիմոնյանից և «Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդներից, որոնց ոչ ոք ոչինչ չի կարող ստիպել», բայց նրանք չեն ուզում դրանով կանգ առնել և այժմ Հայաստանը համարում են «Արևմտյան Ադրբեջան»՝ պահանջելով, որ ադրբեջանցիները «վերադառնան իրենց պատմական հայրենիքը», պահանջելով միջանցք, պահանջելով «անկլավները» և պահանջելով խաղաղության պայմանագիր ստորագրել առանց սահմանազատման՝ լեգիտիմացնելու 2020-2022 թվականների ագրեսիայի արդյունքները Հայաստանի Հանրապետության դեմ, ինչպես նաև հող նախապատրաստելու համար նոր պատերազմի համար:

Փաշինյանն ու Ալիևն իրականացնում են նույն քաղաքական նախագիծը, այն նախագիծը, որով Իլհամ Ալիևը պատրաստվում է արտահերթ ընտրությունների, նախագիծ, որը 2018 թվականին մեկնարկեց ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի կողմից։ Նախագիծ, որի էությունն այն է, որ Հայաստանը պետք է դրվի հակառուսական և հակաիրանական աշխարհաքաղաքական գործընթացների զոհասեղանին։

Թուրքիան և Ադրբեջանը 2024 թվականին ապրելու են Նիկոլ Փաշինյանի կատարմամբ Բոլթոնյան նախագծի վերջին գործողության ակնկալիքով: Միայն հայ ժողովուրդը, նրա քաղաքական, ռազմական և գործարար վերնախավը կարող է կասեցնել այս նախագծի իրականացումը։ Այլ դերասան, ով կարող է սա կասեցնել չկա…