Պուտինը Հայաստանից պահանջո՞ւմ է հրաժարվել Հռոմի ստատուտից
01 Հոկտեմբերի 2026, 12:00
(Ռուսաստանում Երևանի նկատմամբ ուշադրությունը շարունակում է աճել)
«Մոսկվայի վերջին հանրային հայտարարությունները վկայում են այն մասին, որ ռուսական կողմի ուշադրությունը Հայաստանի նկատմամբ հասել է աննախադեպ կենտրոնացվածության։ Երևանի և Մոսկվայի փոխգործակցությունն այլևս չի դիտարկվում ընթացիկ գործընկերության ձևաչափում․ ռուսական պետական մեքենան Հայաստանի գործողություններին հետևում է բառացիորեն «on-line» ռեժիմում։ Նշանակալից ցանկացած թեմա՝ լինի դա Հայկական ԱԷԿ-ի ճակատագիրը, «Firebird» տվյալների կենտրոնի կառուցման հեռանկարները, թե միջազգային կառույցների առջև Հանրապետության իրավական պարտավորությունները, արժանանում է ռուսական գերատեսչությունների և առանցքային խոսնակների արձագանքին։
Ուշադրությունը Հայաստանի հանդեպ անշեղորեն աճում է, և Կրեմլը Երևանից ակնկալում է առավելագույնս հստակ, միանշանակ պատասխաններ աշխարհաքաղաքական ընտրության բոլոր առանցքային հարցերի վերաբերյալ։
Շեշտադրումների տեղաշարժի հերթական հաստատումը դարձավ ՌԴ անվտանգության խորհրդի պաշտոնական հայտարարությունը, որում Հայաստանի մասնակցությունը Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) ուղղակիորեն կապվեց Երևանի եվրոպական վեկտորի հետ։ ՌԴ Անվտանգության խորհրդում նշեցին, որ Հռոմի ստատուտի վավերացումը (Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը վավարացվել է 2023 թվականի հոկտեմբերի 3-ին) հանդիսանում է քաղաքական առանցքային պայմաններից մեկն այն պետությունների համար, որոնք ձգտում են անդամակցել Եվրոպական միությանը։
Ընդ որում, Մոսկվայում ընդգծեցին, որ Ադրբեջանի հետ սահմանային միջադեպերի միջազգային հետաքննության համար ՄՔԴ մեխանիզմների կիրառման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների սկզբնական փաստարկները դեռևս չեն հիմնավորվել կոնկրետ պնդումներով (Այլ կերպ ասած, Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը ուղղակիորեն նշում է, որ քարոզչությանը հակառակ, Հռոմի ստատուտի վավերացնելուց հետո Փաշինյանը որևէ փորձ չի արել պատասխանատվության ենթարկել ադրբեջանցի հանցագործներին Միջազգային քրեական դատարանի ինստիտուտների միջոցով)։ Դրանով իսկ ռուսական կողմը հասկացնում է, որ ՄՔԴ իրավազորությունը Մոսկվայում ընկալվում է բացառապես որպես Արևմուտքի հետ քաղաքական ինտեգրման տարր, այլ ոչ թե Հայաստանի ազգային անվտանգության գործիք։
Ձևավորվող միտումը ցույց է տալիս, որ Երևանին ուղղված Մոսկվայի պահանջների փաթեթը շարունակում է ընդլայնվել։ Ստեղծված պայմաններում Հռոմի ստատուտի իրավազորությունից հրաժարվելը կարող է փաստացի ներկայացվել Հայաստանին որպես պարտադիր վերջնագիր՝ Եվրասիական տնտեսական միությանն լիարժեք մասնակցությունը պահպանելու համար։
ՄՔԴ-ի հետ ինտեգրման իրավական ընթացակարգերի չեղարկումը դրվում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը զրոյացնելու պահանջների կողքին։ ԵԱՏՄ-ին անդամակցության համատեղումը եվրոպական կառույցներին ինտեգրվելու կուրսի հետ Մոսկվայում այլևս հնարավոր չեն համարում, և այս ուղղություններով Երևանի որոշակի պատասխանների բացակայությունը ուղղակի սպառնալիք է ստեղծում ողջ հայկական տնտեսության համար, որը կրիտիկական կախվածության մեջ է ԵԱՏՄ շուկաներից և էներգառեսուրսներից։
Կրեմլի հռետորաբանության խստացումը պետք է դիտարկել ռուսական արտաքին քաղաքական գծի ընդհանուր վերափոխման համատեքստում։ ՌԴ-ում ընտրական ցիկլի ավարտից հետո Մոսկվան անցնում է արտաքին բոլոր ուղղություններով ճնշման ավելի կոշտ և անզիջում ոճի։ Այս ռազմավարության ակնհայտ ցուցադրությունն է Ուկրաինայի շուրջ ռազմական գործողությունների ինտենսիվ աճը, ինչպես նաև Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ին ուղղված աննախադեպ նամակը։ Դիվանագիտական աղբյուրների տվյալներով՝ Մոսկվան պաշտոնապես զգուշացրել է Դաշինքին առկա ողջ զինանոցը, ներառյալ միջուկային զենքը, գործադրելու պատրաստակամության մասին՝ Կալինինգրադի մարզի մեկուսացման կամ շրջափակման ցանկացած փորձի դեպքում։
Այս քայլը, որը եվրոպական պաշտպանական պաշտոնյաներն արդեն անվանել են Սառը պատերազմից ի վեր առաջին նմանօրինակ ուղղակի միջուկային սպառնալիքը, ակնառու կերպով ցույց է տալիս, որ Մոսկվան բարձրացնում է խաղադրույքները գլոբալ դիմակայությունում։ Այն մթնոլորտում, երբ Կրեմլը պատրաստ է գնալ ծայրահեղ կտրուկ քայլերի ՆԱՏՕ-ի և Արևմուտքի հետ դիմակայությունում, հետխորհրդային տարածքի նրա մերձավոր դաշնակիցներին ներկայացվող պահանջները դառնում են առավելագույնս թափանցիկ։ Երևանից ակնկալում են շուտափույթ վերջնական ընտրություն, իսկ դադարի ձգձգումը կամ Բրյուսելի և Մոսկվայի միջև հավասարակշռելու փորձերը Հայաստանի համար սպառնում են վերածվել ծանրագույն սոցիալ-տնտեսական և ռազմաքաղաքական հետևանքների։
Մտածե՛ք այդ մասին…»։