Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

«Խոնչա թայմ». Արցախցի ընտանիքը Երևանում վերաբացել է իր սննդի կետը. Առուշանյանների բռնագաղթի պատմությունը

07 Նոյեմբերի 2023, 22:30

Երբեմնի մաքուր Ստեփանակերտը սեպտեմբերի 19-ից հետո աղբի մեջ կորած էր: Alpha NEWS.am-ի հետ զրույցում հիշում է Արցախից բռնի տեղահանված Անահիտ Առուշանյանը: Մայրաքաղաքը, որ Անահիտը սովոր էր տեսնել մաքուր, իսկ մարդկանց կոկիկ հագնված, սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակումից հետո էլ առաջվանը չէր: Ադրբեջանի հրթիռակոծությունների ձայների ներքո շրջաններից տարհանված արցախցիներից շատերն ապաստանել էին հենց Ստեփանակերտում: Անահիտը պատմում է՝ 24 ժամ նկուղներում են մնացել, հրադադարից հետո են միայն սկսել դուրս գալ ապաստարաններից, գնալ իրենց տներ, բայց այդ մի քանի օրը ապրել են անորոշության մեջ:

«Պայթյունի ձայները շատ մոտիկից էինք լսվում, էդ օրը 1 րոպե նույնիսկ ձայները չդադարեցին, նկուղում էինք, բայց մեզ թվում էր՝ էսա կավարտվի, չէինք պատկերացնում, որ թշնամին կարող է հասնել քաղաք: Բայց երկու-երեք ժամ հետո քաղաքից էինք արդեն ավտոմատի ձայներ լսում, հույսներս կտրել էինք, որ կփրկվենք, ոչ մեկս չէինք պատկերացնում, որ մեկ-երկու օրվա մեջ Արցախը կարող է հայաթափվել»,- պատմում է Անահիտը:

Ստեփանակերտում այդ օրերին քաոս էր, իսկ մարդիկ՝ անորոշության մեջ, հիշում է Անահիտը ու շարունակում պատմել, որ կապի բացակայության պատճառով մարդիկ իրարից տեղեկություն չունեին:

«Այդ օրերին մարդիկ մի ընտանիքի պես էին դարձել, ամեն մեկն իր ունեցածը հանում, ուտում էին, վառարանների վրա հաց էինք թխում ու հյուրասիրում միմյանց»,- հիշում է Անահիտը:

Անահիտի ընտանիքը Արցախից հարկադրված դուրս է եկել անորոշության պատճառով: Նա պատմում է՝ լուրեր էին շրջանառվում, որ բոլորը պետք լքեն իրենց տները, մարդիկ չգիտեին՝ ինչ անել, որն է ճիշտ, որը՝ սխալ եւ մեկը մյուսին նայելով, երեխաներին փրկելու համար ստիպված դուրս են եկել իրենց հայրենի հողից:

«Սեպտեմբերի 25-ի կեսօրին դուրս եկանք մեր տնից: 8 ժամ կանգնած էինք Ստեփանակերտում՝ հերթի մեջ, մեքենան տեղից չէր շարժվում: 39 ժամ ճանապարհ եկանք, վատն այն էր, որ չգիտեինք՝ տեղ կհասնենք, թե՝ ոչ: Անորոշության մեջ էինք, մտածում էինք՝ թույլ կտա՞ն գնալ Հայաստան, թե հետ կուղարկեն ճանապարհից: Մտածում էինք, որ կարող է տեղ չհասնենք: Հենց Ստեփանակերտում, երբ 8 ժամ շարունակ անշարժ էինք մնացել, այդ ընթացքում լսեցինք ուժգին ձայն, անձրև էր գալիս, մեզ թվաց՝ կայծակ է, չէինք պատկերացնում, որ պայթյունի ձայն է, հետո լսեցինք, որ բենզինի պահեստում պայթյուն է եղել, անմիջապես զանգեցի եղբորս, վերցրեց լսափողն ու ասաց՝ չենք այրվել»,- ծանր ապրումները հիշելով՝ պատմում է Անահիտը:

Անահիտի ընտանիքը երբ հասել է Հակարիի կամուրջ՝ ադրբեջանցիները պահանջել են տղամարդկանց իջնել մեքենաներից, ստուգել բեռնախցիկները, որից հետո են միայն թույլ տվել հատել կամուրջը: Նրանց գործողությունները, սակայն, այսքանով չեն ավարտվել: Անահիտի հորը, որն արցախյան առաջին պատերազմի մասնակից է, ստիպել են ոտքով անցնել Հակարիի կամուրջը:

«Արցախից դուրս գալիս անընդհատ մտածում էի, թե ինչ կլինի հորս հետ, երբ հասնենք Հակարիի կամուրջ: Իրեն ստիպեցին ոտքով անցնել կամուրջը, ադրբեջանցի լրագրողները փորձել են մոտենալ հորս, բայց հայրս սկսել է հազալ, որ իրեն չմոտենան, անտեսեն ու հենց էդպես էլ եղել է»,- պատմում է Անահիտը:

Վայքում հաշվառվելու ժամանակ արցախցի Առուշանյանների ընտանիքին առաջարկվել է մնալ Կապանում կամ Մեղրիում: Մերժել են այդ առաջարկը: Անահիտն իր բացատրությունն ունի այնտեղ չմնալու համար.

«Սահմանային տարածքում երեխաներիս հետ էլ երբեք չեմ ապրի, գուցե ես ապրեմ, բայց երեխաներս չպետք է ապրեն»:

Ստեփանակերտի 4 սենյականոց բնակարանը այժմ երկուսով է փոխարինվել՝ այն էլ վարձով: Կենցաղային պայմանները հարմար են, չի դժգոհում Անահիտը, միայն թե երեխաները չեն դեռ հարմարվել նոր դպրոցին: Անահիտը վստահ է՝ այս դժվար պահերն էլ կհաղթահարեն, չէ որ կյանքում ամենակարեւորը՝ հայրենիքն են կորցրել:

«Մեզնից ամեն ինչ խլեցին, մեր տունը, հայրենիքը»,- ասում է Անահիտը ու շեշտում՝ Արցախ կվերադառնա մի պայմանով՝ եթե այն հայկական լինի, եթե այնտեղ Արցախի դրոշը ծածանվի:

Առուշանյաններին Ստեփանակերտում շատերն են ճանաչում: Այնտեղ սննդի կետ ունեին, «Խոնչա թայմ» էր կոչվում, ինչն Արցախի բարբառով սկուտեղ է նշանակում: «Խոնչա թայմն» արդեն վերաբացվել է Երեւանում: Բոլոր այն արցախցիները, որոնք կարոտել են Առուշանյանների պատրաստած համեղ ու տարատեսակ ուտեստներին, կարող են դրանք գտնել կամ էլ պատվիրել Նար-Դոսի 24 հասցեից: Արցախցիները սիրով սպասում են նաեւ տեղացիներին ու խոստանում՝ կմատուցեն արցախյան բաղադրատոմսով պատրաստված տարբեր ուտեստներ: