ՌԴ-ն մեծացրել է ձկան ներմուծումը՝ ՀՀ-ից մատակարարումները փոխարինելու համար․ Ռոսսելխոզնադզոր

11 Հունիսի 2026, 11:00

Տնտեսություն և Բիզնես

Ռուսաստանը մեծացրել է ձկան ներմուծումը այլ երկրներից՝ Հայաստանից մատակարարումների սահմանափակումները փոխհատուցելու նպատակով։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտը։

Ավելի վաղ Ռուսաստանը սահմանափակումներ էր կիրառել Հայաստանից կենդանի ձկան ներմուծման նկատմամբ՝ բացառություն անելով միայն երկու հայկական ընկերությունների համար։

«Մենք հասկանում էինք, որ ստիպված ենք լինելու սահմանափակումներ մտցնել։ Այդ պատճառով զուգահեռաբար ընդլայնում էինք մատակարարումները այլ երկրներից։ Օրինակ՝ իշխան ձկան մատակարարումների հարցում վերակողմնորոշվել ենք դեպի Իրան և Թուրքիա», — ասել է Դանկվերտը։

Նա նաև նշել է, որ մատակարարների մեծ թվաքանակը Ռուսաստանին ավելի մեծ ճկունություն է տալիս։

«Ընդհանուր առմամբ, որքան շատ մատակարարներ ունենանք, այնքան ավելի հեշտ կլինի աշխատել։ Եթե կախված լինենք միայն մեկ մատակարարից, կարող է առաջանալ այս կամ այն արտադրանքի պակաս։ Այժմ նման խնդիր չկա, քանի որ մենք ունենք լայն ընտրություն», — հավելել է «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարը։