Ռեժիսոր Գեորգի Իսահակյանը ստեղծել է «Երկհարյուրամյա մարդը» բալետի լիբրետոն

31 Մարտի 2024, 17:40

Մշակույթ

Մոսկվայում ապրիլի 13-ին կցուցադրվի «Երկհարյուրամյա մարդը» բալետը, որի լիբրետոն ստեղծել է Մոսկվայի Նատալյա Սացի անվան պետական ակադեմիական մանկական երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Գեորգի Իսահակյանը՝ Իսահակ (Այզեկ) Ազիմովի համանուն վիպակի մոտիվներով։

Երաժշտության հեղինակը Գաբրիել Պրոկոֆևն է՝ հայտնի կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆևի թոռը։

«Երկհարյուրամյա մարդը» հոլոգրամային բալետը «Ես, ռոբոտ եմ» ֆուտուրիստական եռերգության երրորդ մասն է, որն առաջին անգամ ռուսական երաժշտական թատրոնում բարձրացրել է մարդկանց և արհեստական ինտելեկտի փոխազդեցության խնդիրները և դիմել նորագույն համակարգչային տեխնոլոգիաների կիրառմանը։ Եռերգության առաջին մասը Կ.Կոմոլցևի «Սերը երեք Ցուկերբրինների համար» AR-օպերան էր, երկրորդը՝ «ՆԱ» համակարգչային դրաման։ Այս ներկայացումների բեմադրիչը, ինչպես նաև ամբողջ նախագծի գաղափարի հեղինակը Գեորգի Իսահակյանն է։

Այս ֆուտուրիստական եռագրության ամենակարևոր բաղադրիչը ժամանակակից տեխնոլոգիաներն են: Շատ առումներով դրանց օգտագործումը իսկական փորձ է, առաջընթաց կենդանի թատրոնի, ժամանակակից համակարգչային և վիզուալ համակարգերի համադրության մեջ։
«Երկհարյուրամյա մարդը» բալետը օգտագործում է ֆոտոգրամետրիայի տեխնոլոգիան, որը հնարավորություն է տալիս մեկ առարկայի բազմաթիվ լուսանկարներ 3D մոդելով կենդանացնել։